«Ֆեստա-տուր» ընկերությունում հայտնել են Եգիպտոսից հայ զբոսաշրջիկների վերադարձի ուշացման պատճառը: Խոսքը Շարմ Էլ Շեյխում հանգստացող հայ մի խումբ զբոսաշրջիկների մասին է:
NEWS.am-ի խմբագրություն էր դիմել մի աղջիկ, ում հարազատներն այժմ Եգիպտոսում են: Նա խնդրել էր պարզել չվերթի ուշացման պատճառները:
Ընկերությունում հաստատել են, որ նախօրեին Շարմ էլ Շեյխից նախատեսվել էր չարտերային երկու չվերթ իրականացնել դեպի Երեւան: Օդանավերից մեկը Հայաստան է ժամանել գիշերը: Երկրորդ չվերթն առայժմ հետաձգվում է: Ընկերությունում հայտնել են, որ չվերթը հետաձգվել է եգիպտական ավիաընկերության հետ կապված տեխնիկական պատճառներով, եւ այսօր հարյուր մարդուց բաղկացած հայ զբոսաշրջիկների խումբը կվերադառնա Երեւան: «Իսկ մինչ այդ հայաստանցի զբոսաշրջիկները տեղավորվել են հյուրանոցներում», - վստահեցրել են «Ֆեստա-տուր»-ում՝ հավելելով, որ հյուրանոցում լրացուցիչ մնալու ծախսերը հոգում է ընկերությունը: Նրանք հրաժարվել են հայտնել, թե օդանավը երբ կժամանի: