Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել' Ուկրաինայի հարավարևելյան հատվածում Կիևի իշխանությունների կողմից իրականացվող պատժիչ գործողությունների հետ կապված: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել են Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական առաքելության գրասենյակից:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երկրի զինված ուժերի երկու ուղղաթիռներ, որոնք օդային պարեկություն էին իրականացնում Սլովյանսկի շրջանում, խփվել են շարժական զենիթահրթիռային համակարգերի կիրառմամբ, ևս մեկ «Մի-8» ուղղաթիռ վնասվել է:
Իսկ ռուսական «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սլովյանսկում դաշնայնացման կողմնակիցների դեմ հատուկ գործողության ակտիվ փուլը սկսվել է ուրբաթ առավոտյան, զինված ուժերը օգտագործում են ավիացիա և զրահատեխնիկա:
Ռուսական գործակալությունը հայտնում է նաև, որ Դոնեցկում երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է 26 մարդ: