Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը աշխարհի 197 պետությունների շարքում 134-րդն է. այս մասին է վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության մայիսի 1-ին հրապարակած տարեկան զեկույցը:
«Նախորդ տարի մենք մոտեցել էինք անազատից՝ կիսաազատ մամուլ ունեցող երկրների շարքին, սակայն կրկին հետընթաց գրանցվեց»,- «Մեդիա կենտրոնում» մամուլի ազատության օրվան ընդառաջ կազմակերպված քննարկմանն ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:
Միջազգային ու տեղական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումը խնդիր ուներ ամփոփելու մեկ տարում մեդիա ոլորտի խնդիրները, առաջընթացն ու տեխնոլոգիական զարգացումներին հաջորդած փոփոխությունները:
Քննարկման բանախոսներից իրավաբան, «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արա Ղազարյանը Freedom House-ի զեկույցը գնահատեց որպես չափազանցված:
«Freedom House-ը ոչ թե հետընթաց է գրանցել, այլ՝ առաջընթաց չի գրանցել նախորդ տարիների համեմատությամբ»,- ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը՝ նշելով, որ նախորդ տարիների վերաբերյալ գնահատականներն, ըստ էության, էականորեն չեն փոխվել:
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ կարևոր է մամուլի ազատության վերաբերյալ ներքին գնահատականը, այլ ոչ թե այն, ինչ կասեն արտասահմանյան որոշ փորձագետներ: Ըստ Մարտիրոսյանի՝ 2013 թ.-ին առաջընթացի բացակայությունն սպասելի էր, տեղի ունեցած նախագահական ընտրությունների համատեքստում:
Media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ մեդիայի հանդեպ վերաբերմունքը մարդկանց մեջ հոգեբանորեն կարող է փոխվել դեպի բացասականը՝ Հայաստանի՝ Մաքսային միություն ինտեգրման հետևանքով:
Վարդանյանը նաև նկատեց, որ հիմա առավել լայն թափով զարգանում են առցանց լրատվականները, այդ թվում և առցանց հեռուստատեսությունները, իսկ արտակարգ իրադրությունների ժամանակ խմբագրությունները սկսել են առավել արդյունավետ աշխատել, դրա ապացույցն էին նախորդ նախագահական ընտրությունները:
Բանախոսները, սակայն, ընդհանուր առմամբ մատնանշեցին, որ առցանց մեդիայի պարագայում դեռ շատ անելիքներ կան:
«Հեղինակային իրավունքի մասին օրենքի փոփոխության ընդունումը նախականխող բնույթ չունեցավ, խախտումները ավելի ծավալուն բնույթ են կրում»,- նկատեց իրավաբան Արա Ղազարյանը, հավելելով, որ օրենքը չի կարող կարգավորել ամեն ինչ, և ինքնակարգավորումը մեդիայի համար անխուսափելի անհրաժեշտություն է:
Բանախոսները նշեցին նաև մեդիայի վրա արտաքին բացասական ազդեցությունների մասին: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ քանի դեռ դատական համակարգն ազատ չէ, լրագրողները կարող են ասել ու գրել ինչ ցանկանան: Իսկ Շուշան Դոյդոյանն անդրադարձավ մեդիայում գովազդի խնդրին. «Քաղաքական պատվեր տվողն ու գովազդատուն հաճախ նույն մարդն են, դրա համար էլ նրանց ներխուժումը մեդիա դաշտ անխուսափելի է»:
Պաշտոնյաները հիմա առավել փորձված են և ոչ թե հրաժարվում են լրագրողների հարցերից, այլ՝ լղոզված պատասխաններ են տալիս: Ըստ Դոյդոյանի՝ սա առավել դժվար վիճարկելի է օրենքի տեսանկյունից, քանի որ պաշտոնյաները օրենքով պարտավորված են ապահովել հրապարակայնություն, սակայն դա սահմանելն առավել բարդ է, և անհրաժեշտություն է առաջանում, որ լրագրողներն առավել հետևողական լինեն:
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև վարկանիշ ձևավորող կայքերի գործունեությանը. Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այս պահին գործում են նմանատիպ երկու կայքեր, սակայն դրանք ամբողջ մեդիա դաշտի պատկերը չեն արտացոլում:
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանն իր խոսքը եզրափակեց, փաստելով՝ անկախ լրատվամիջոցներ մեզանում գրեթե չկան, իսկ ընդհանրապես մենք հիմա ունենք ավելի շատ լրատվամիջոցներ, քան պրոֆեսիոնալ լրագրողներ: