Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձանագրում է, որ պետական մարմինները որքան էլ չեն ընդունում ՄԻՊ տարեկան զեկույցներում տեղ գտնող քննադատությունը, տարիների ընթացքում փոխվել է նրանց գործունեության որակը, նվազել հակադարձումների քանակը: Լրագրողների հարցին ի պատասխան, ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: «Շատերն են սկսել հասկանալ, որ մենք ցավեր չենք ստեղծում կամ հորինում, մենք եղած ցավերը հնարավորինս մասնագիտորեն ներկայացնում ենք:

 

Ամենակարևորն այն է, որ արդյունքները դրական են, որքան էլ նրանք, այսպես ասած, «լեզվին են տալիս», միևնույն է, անում են այն, ինչ պետք է անեն ըստ օրենքի: Ի վերջո տեսնում ենք դրական զարգացումներ, և մեր աշխատանքի քննադատները հետևում են դրան ու ճշտ ումներ մտցնում իրենց աշխատանքում»,-ասաց Կարեն Անդրեասյանը' օրինակ բերելով տարեկան զեկույցից, համաձայն որի անցյալ տարվա զեկույցում տեղ գտած 150 գլոբալ համակարգային խնդիրներից 44-ն այս տարի լիարժեք լուծվել են, մնացած խնդիրներում դեռ կան թերացումներ, բայց գրանցվել է նաև առաջընթաց:

 

Պաշտպանի խոսքով, ամենաշատ թերացումները նկատելի են դատախազության, դատական մարմինների աշխատանքում: «Երրորդ գլոբալ խնդիրը, որ տեսնում ենք, տնտեսական պաշտպանության ոլորտն է ' Պետեկամուտների կոմիտեի և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսքով: Համակարգային իմաստով այս ոլորտներում անելիքները շատ են»,-նշեց Կարեն Անդրեասյանը:

 

Նա նաև մատնանշեց այն գերատեսչությունները, որոնց հետ համագործակցության մակարդակը բարձր հիմքի վրա է: «Ես կարող եմ նշել մի քանի մարմիններ, որտեղ ևս կան խնդիրներ, բայց այստեղ մարդիկ ունակ են քննադատությունը լսելու և աշխատելու: Այդ գերատեսչություններն են Ոստիկանությունը, Պաշտպանության նախարարությունը, մեզ հետ շատ ճիշտ են աշխատում Առողջապահության նախարարությունը, Աշխատանքի և սոցիական հարցերի նախարարությունը: Այդ շարքը կարելի է շարունակել: Իրականում, արդեն բացառություններ են պետական այն կառույցները, որոնք, իրենց սխալներն ընդունելու Ö ‡ դրանք շտկելու փոխարեն, հակադարձում են' երկար «լոլոներ» կարդալով»,-ավելացրեց պաշտպանը:

 

Անդրադառնալով այն կարծիքներին, թե Մարդու իրավունքների պաշտպանը գերատեսչությունների աշխատանքի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ միջազգային կառույցներից դիվիդենտներ է հավաքում կամ զբաղվում է սեփական PR-ով' Կարեն Անդրեասյանը նշեց, որ իր զեկույցները հրապարակվում են լրագրողների ու հասարակության համար և եթե ինչ-որ դիվիդենտներ շահում է, ապա հենց նշյալ խմբերից է ստանում: «Թերությունները բարձրաձայնելը իմ գործառույթն է, եթե դա համարվում է ավելորդություն, մենք կարող ենք ուղղակի դադարեցնել այս կառույցի գործունեությունը»,-եզրափակեց օմբուդսմենը:

 

Վերջերս մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ներկայացրեց 2013 թվականի տարեկան զեկույցները Հայաստանի պետական գերատեսչությունների աշխատանքում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ: