Հայաստանը մամուլի ազատության առումով տարածաշրջանում առաջատար երկիր է: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց թատերագետ, հրապարակախոս Լևոն Մութաֆյանը: «Եթե նայենք տարածաշրջանի մակարդակով, ապա կարող ենք վստահ ասել, որ Հայաստանը մամուլի ազատության առումով առաջին տեղում է, քանի որ մեզ մոտ լրագրողի ազատ մտածողությունն, այնուամենայնիվ, հասնում է ընթերցողին»,-ասաց Մութաֆյանը:

 

Նա նշեց, որ համեմատած խորհրդային մամուլի հետ, Հայստանում այսօր մամուլն ազատ է, ինչն էլ, սակայն, իր հետ առաջ է բերել մի շարք խնդիրներ: Մութաֆյանի խոսքով՝ այսօր Հայաստանում լրագրողների մասնագիտական պատրաստվածության խնդիր կա: «Հենց այդ մամուլի ազատություն ասվածը իր հետ բերել է լրագրողների մասնագիտական պատրաստվածության խնդիր, քանի որ ում համար դժվարություն չի առաջացնում լրատվադաշտ մտնելը, մտնում է՝ չունենալով համապատասխան մասնագիտական որակներ»,- ասաց նա:

 

Մութաֆյանն իր մտահոգությունը հայտնեց այն կապակցությամբ, որ, բացի մասնագիտական գրագիտության պակասից, կա նաև տարրական գրագիտության պակաս: Նա նշեց, որ ուշադրությամբ հետևում է թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային մամուլին, որտեղ հաճախ են հանդիպում տառասխալներ, անգրագետ հոդվածներ: