Բնապահպանության նախարարության աշխատակազմին ներկայանալուց հետո նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանը խորհրդակցություն հրավիրեց՝ ծանոթանալու նախարարության համար հրատապ հարցերին։ Մինչ խորհրդակցությունն սկսելը նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով իր մոտակա անելիքները։ «Ես քիչ առաջ ներկայացվեցի նախարարության աշխատակիցներին, իսկ հիմա խորհրդակցություն կանցկացնեմ նրանց հետ՝ քննարկելու, թե որ ոնք են հրատապ հարցերը, որոնց պետք է արագ լուծում տրվի։ Ապա հանդիպումներ կունենամ նաև հասարակական կազմակերպությունների և այն մարդկանց հետ, ովքեր ցանկություն կունենան ոլորտին աջակցելու։ Մենք միասին կաշխատենք լուծումներ տալ ոլորտի հարցերին»,- ասաց Գրիգորյանը։
Այն հարցին, թե որքանով է նա ծանոթ բնապահպանության ոլորտին, Արամայիս Գրիգորյանը նշեց, որի հիմա արդեն կծանոթանա, ապա հավելեց, որ մինչ այդ ապրելով Խոսրովի արգելոցի մոտ' շատ հարցերի է ծանոթ եղել։
Խոսելով կադրային հնարավոր փոփոխությունների մասին՝ նախարարը նշեց, որ այս պահին կադրային փոփոխությունների վերաբերյալ հարցեր չի ցանկանում քննարկել։ «Ես սիրում եմ թիմային աշխատանք և այն մարդիկ, ովքեր պատրաստ են ինձ հետ ճանապարհ անցնելու, նրանց հետ միասին մենք կաշխատենք»,- ասաց նա։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 30-ի հրամանագրով Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար: Նույն օրն Արամայիս Գրիգորյանը կառավարության նիստում ազատվել էր Արարատի մարզպետի պաշտոնից։