ՀՀ բնապահպանության նախարարությունում օգոստոսի 6-ին կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, տարբեր բուհերի և ՀՀ բնապահպանության նախարարության գիտնականները:
Գիտատեխնիկական խորհրդի գործունեության նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գիտականորեն հիմնավորված մոտեցումների կիրառմանը, մթնոլորտի, հողերի, ջրերի, ընդերքի, կենդանական և բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման ու վերարտադրության բնագավառներում պետական քաղաքականության ձևավորմանը և ռազմավարության մշակմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արամայիս Գրիգորյանը, ողջունելով խորհրդի անդամներին, իր շնորհակալությունն է հայտնել համագործակցության և աջակցության պատրաստակամության համար և հույս հայտնել, որ գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը թույլ կտա առավել ճիշտ և գիտականորեն հիմնավորված մոտեցումներ ցուցաբերել հետագա նախաձեռնություններում:
Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են հանրապետությունում հիմնախնդիր հանդիսացող և հրատապ լուծում պահանջող ջրային ռեսուրսների, կենսառեսուրսների կառավարման և պոչամբարների հետ կապված հարցերը:
Գիտատեխնիկական խորհրդի նիստում որոշում է ընդունվել ներկայացնել առաջարկություններ' խորհրդի հաջորդ նիստի օրակարգը ձևավորելու և 2015-ի աշխատանքային ծրագիրը հաստատելու նպատակով: