Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ կարևոր հարցեր: Այս մասին ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՀՀ Նախագահը, ինչպես նաև կուսակցության այլ անդամ ներ:
«Ելույթները հիմնականում կապ ունեին քաղաքական մեծամասնության անելիքների հետ, թե խորհրդարանում, թե գործադիրում և կուսակցության տարածքային կառույցներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Նա ընդգծեց, որ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության աշխատանքը գնահատվել է դրական, սակայն միևնույն ժամանակ արձանագրվել է, որ թիմը պետք է աշխատի ավելի միասնական, ավելի բաց և հրապարակային: «Եվ կարևորեցինք Ազգային ժողովի մեծամասնության և կառավարության միասնական աշխատանքը, ինչպես նաև անթույլատրելի համարեցինք բացակայությունները»,- ասաց Շարմազանովը:
Շարմազանովը նշեց, որ նիստի ընթացքում արձանագրվել է, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի ամենածանրակշիռ քաղաքական, և այդպիսին մնալու համար իրենք պետք է շարունակեն ծանրակշիռ գործունեությունը:
Ինչ վերաբերում է կառավարության աշխատանքին, նա ընդգծեց, որ կառավարությունն աշխատել է բավականին բաց, հրապարակային և պետք է շարունակի այդպես աշխատել: «Ավելին, կարևորվեց տարածքային կառույցների հետ ուղիղ աշխատանքը, որպեսզի տարածքների մեր հասարակության ձայնը հասնի կուսակցության ղեկավարությանը»,- ասաց նա:
Նիստի ընթացքում կարևորվել է նաև սահմանադրական բարեփոխումների հարցը: Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀ Նախագահն իր ելույթում ընդգծել է, որ իրենք առաջին անգամ հրապարակային իրականացնում են սահմանադրական բարեփոխումների բաց քննարկումներ, որովհետև մինչ այդ քննարկումներն ընթացել են պատրաստի հայեցակարգի շուրջ:
«Ի տարբերություն նախորդ քննարկումների՝ այսօր իշխանությունը հասարակության և քաղաքական ուժերին հրամցնում է ոչ թե պատրաստի հայեցակարգ, այլ քննարկում է քաղաքական շրջանակների և հասարակության ակտիվ սեկտորի հետ տարբեր հայեցակարգեր, տարբե ր գաղափարներ: Հոկտեմբերին արդեն հայեցակարգը պատրաստ կլինի և այն ակտիվ կքննարկվի թե պառլամենտական, թե ոչ պառլամենտական քաղաքական ուժերի, ինչպես նաև հասարակության հետ»,- ասաց Շարմազանովը:
Շարմազանովն ընդգծեց նաև, որ քաղաքական մեծամասնության համար անհասկանալի է այն քաղաքական ուժերի պահվածքը, որոնք, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, նշում են, որ դրա ժամանակը չէ: «Լավ բա ե՞րբ է ժամանակը: Նախագահական ընտրություններից առաջ ժամանակն էր, երբ որ նրանք գոռում և հայտարարում էին, որ անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումեր, ահրաժեշտ է անցնել կառավարման խորհրդարանական համակարգին, հիմա նախագահական ընտրություններն ավարտվել են և արդեն ժամանակը չէ՞:
Սա ծիծաղելի է: Կամ անհասկանալի է, թե ինչի՞ն են դեմ, եթե չկա հայեցակարգը,- ասաց նա՝ ընդգծելով, որ իր համար հասկանալի է միայն ՀՅԴ տեսակետը, որը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը:
ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց, որ ինչպես ՀՀԿ գործադիր, այնպես էլ խորհրդի նիստերի ընթացքում չի քննարկվել Սյունիքի մարզպետի հարցը:
Քննարկվել են նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ կարևորագույն հարցեր, որոնք վերաբերել են հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և այլ կարևոր հարցերի: