Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 11-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել սահմանում տիրող իրավիճակին, բանակի մարտունակության բարձրացմանը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքներին:

 

Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարությանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարությանը եւ ողջ անձնակազմին ու մյուս կառույցների համապատասխան ստորաբաժանումներին' պետության սահմաններն անսասան պահելու, հակառակորդի ներթափանցման փորձերը կասեցնելու, տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանելու համար' նշելով, որ նրանց աշխատանքը անձնվիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի եւ հայրենասիրության լավագույն դրսեւորումներից է, ինչը հպարտություն է ներշնչում ողջ հայությանը:

 

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին քննարկված հարցերի եւ դրանց արդյունավետ իրականացման վերաբերյալ:

 

Խորհրդակցությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: