Ծագումով լիբանանցի բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կառլոս Լաթուֆը հայտարարել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության օրոք Թուրքիան վերածվել է դասական ոստիկանական պետության: Ինչպես հաղորդում է թուրքական «Զաման» թերթի հետ զրույցում աշխարհահռչակ ծաղրանկարիչը Twitter եւ YouTube սոցիալական ցանցերը թուրքական կառավարության կողմից արգելափակվելու առնչությամբ ասել է, որ վարչապետ Էրդողանի' ժողովրդավարության վերաբերյալ հայտարարությունները լուրջ լինելուց հեռու են եւ ուղղված են միայն իր համակիրներին:
2006 թ. «Լավագույն ծաղրանկար» միջազգային մրցույթի 45-ամյա շքանշանակիր Կառլոս Լաթուֆը, ով հայտնի է օրակարգային միջազգային իրադարձությունների հետ կապված իր յուրահատուկ ծաղրանկարներով, հայտարարել է, որ լուրջ չեն անգամ 2011 թ. մայիսի 31-ին թուրքական «Մավի Մարմարա» նավում 9 թուրք քաղաքացիների զոհվելու առնչությամբ Իսրայելի հասցեին Էրդողանի արած հայտարարությունները: «Դրանք ընդամենը միզանսցեն են: Եթե Էրդողանի հայտարարությունները լուրջ լինեին, նա կխզեր դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ», -ասել է նա:
Ծաղրանկարիչը զարմանք է հայտնում, թե ինչպես կարող է իրեն քննադատող լրագրողներին բանտ նետող, բնապահպանական պահանջներով խաղաղ ցույցերի մասնակիցներին բռնությունների ենթարկող, իր քաղաքացի քրդերի իրավունքները ոտնահարող Էրդողանը ժողովրդավար համարվել, ինչպես նա ներկայացվում է Թուրքիայում:
Կառլոս Լաթուֆի կարծիքով, անցյալ դեկտեմբերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալը բոլորովին էլ անակնկալ չէր, անակնկալն այն է, թե ինչպես են կառավարությունները պայքարում այդ ապօրինությունների եւ կաշառակերության հետ: «Թուրքիայում վարչապետ Էրդողանը ժողովրդից թաքցրեց իշխանության մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալը եւ հարձակվեց դա բացահայտած մամուլի վրա», -նշել է նա:
Ծաղրանկարիչն աջակցություն է հայտնել Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի դեմ կանգնած ակտիվիստներին, եւ ասել, որ իր աջակցությունը ինքն անում է Էրդողանի մասին ծաղրանկարներով: