Եվրոպայի Խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, խստորեն քննադատելով Թուրքիան միանձնյա ղեկավարելու այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդեգրած քաղաքականությունը, հայտարարել է, որ «Թուրքիան վերածվել է մեկ մարդու պետության»:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական Welt am Sonntag թերթը:

 

 

«Էրդողանի նպատակն արագորեն իրեն ուժեղացնելն է: Թուրքիայում որոշում ընդունելու մեխանիզմը մեկ մարդու մենատիրության տակ է: Դա անընդունելի է»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահը:

 

 

Անդրադառնալով փախստականների վերաբերյալ Եվրամիություն-Թուրքիա համաձայնության շրջանակում թուրքական քաղաքացիների համար ԵՄ մուտքի ազատականացման հարցին, Մարտին Շուլցն ասել է.

 

 

«Թուրքիան մինչ այժմ չի կատարել վիզայի ազատականացման համար կարևոր չափանիշները: ԵՄ-ն Անկարայից պահանջում է փոփոխություններ կատարել անձնական տվյալների պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի օրենքներում: Թուրքական խորհրդարանում անհապաղ պետք է սկսվեն այդ օրենքների փոփոխության հարցում քննարկումները: Սակայն, եթե դա տեղի չունենա, եվրոպական կառույցները չեն կարող համապատասխանել այդ հարցում հետևելիք ճանապարհային քարտեզին: Այդ ժամանակ հնարավոր չի լինի, ինչպես ծրագրվել է' հոկտեմբերին վերացնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումը»:

 

 

Թուրքիայի նախագահ Էրդողանը համառում է երկրում խորհրդարանականի փոխարեն նախագահական համակարգ մտցնելու մեջ: Նշենք, որ այդ երկրում խորհրդարանական համակարն առկա էր 1923 թվականից' Թուրքիայի հանրապետության ստեղծման օրվանից: Էրդողանն առաջարկում է հանրաքվե անցկացնել նոր սահմանադրություն ընդունելու և կառավարման նախագահական համակարգի անցնելու գծով: