Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Էդ Ռոյսը, որպես Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանդես է եկել «Ժողովրդավար Թուրքիայի ապագան» խորագրով զեկույցով եւ ներկայացրել այն խնդիրները, որոնք ունի ժամանակակից Թուրքիան մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ խոսքի ազատության ոլորտներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ»-ը, այս տարի Էդ Ռոյսն ու Նյու Յորքից ընտրված կոնգրեսական Էլիոթ Էնգելը, ով նույնպես վերոնշյալ հանձնաժողովի անդամ է, ներկայացրել են օրենքի նախագիծ' Թուրքիայի քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ:
Օինագիծն ընդունվել է նախորդ ամիս եւ այժմ Պետքարտուղարությունը պետք է յուրաքանչյուր տարի հանդես գա զեկույցով ու ներկայացնի թվեր, տվյալներ ու վիճակագրություն' Թուրքիայի տարածքում գտնվող չվերադարձված, ոչնչացված կամ պղծված քրիստոնեական եկեղեցիների եւ գողացված եկեղեցական գույքի վերաբերյալ:
Իր զեկույցում Ռոյսը շեշտել է, որ թեպետ Թուրքիան տիպիկ մահմեդական պետություն է, սակայն հանդիսանում է ՆԱՏՕ-ի գործընկերն ու բարձր ատյաններում ներկայանում որպես ժողովրդավար պետություն: «Ամեն դեպքում ես շատ անհանգստացած եմ վերջին իրադարձություններով, որոնք կատարվում են Թուրքիայում վարչապետ Էրդողանի նախաձեռնությամբ: Դրանք շատ հեռու են ժողովրդավարական իդեալներից եւ ավելի շատ հիշեցնում են վերադարձ դեպի ավտորիտար ռեժիմ»,- նշել է Ռոյսը:
Զեկույցում կոնգրեսականն անդրադարձել է նաև նախորդ տարի ամռանը Գեզիի հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որի ժամանակ բազմաթիվ ցուցարարներ են ձերբակալվել: Նրա գնահատմամբ' հիմնական թիրախը եղել են լրագրողները: Ցույցերի ժամանակ 153 լրագրող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք, իսկ 39 մարդ ձերբակալվել է: Ռոյսը շեշտել է, որ Էրդողանի կառավարության օրոք խոսքի ազատության նկատմամբ ռեեպրեսիաները շատացել են: Նա հղում է կատարել «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության այս տարվա զեկույցին, որտեղ նշված է, որ 2013թ. վերջին Թուրքիայում ձերբակալվել է 60 լրագրող, որից 28-ը մասնագիտական գործունեության պատճառով:
«Այսպիսով Թուրքիան, ունի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներով լցված ամենամեծ բանտը աշխարհում»,- նկատել է կոնգրեսականը: Զեկույցում Ռոյսը հիշեցրել է, որ Էրդողանն ամենաքննադատական կերպով է անդրադարձել սոցիալական մեդիային, իսկ դեկտեմբերին տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո մի քանի անգամ հայտարարել է, որ Twitter-ը մեծագույն վտանգ է հասարակության համար: Այդ հայտարարությունից մի քանի օր անց նա արգելափակեց twitter-ի, իսկ ավելի ուշ նաեւ Youtube-ի մուտքը:
Զեկույցում Ռոյսը շեշտել է, որ կրոնական ազատությունը նույնպես վտանգված է: Կրոնական փոքրամասնությունների նկատմամբ գործում են խիստ օրենքներ, ընդհուպ այն, որ նրանք չեն կարող ինքնուրույն ընտրել իրենց հոգեւոր առաջնորդին: Կոնգրեսականը նշել է, որ մի շարք քրիստոնեական եկեղեցիներ վերածվել են մզկիթի, որոնցից ամենահայտնին Ստամբուլի Սուրբ Սոֆիան է: «Շատերը վստահ են, որ այս կերպ Թուրքիան ցանկանում է իր տարածքից անհետացնել քրիստոնեական տարրը, որն ունի 2000 տարվա պատմություն»,-շեշտել է Ռոյսը' հույս հայտնելով, որ նոր օրինագիծը կտա դրական արդյունք կրոնական ազատությունների առումով: