Թուրքիայում նոր նախագահի ընտրությամբ երկրում քաղաքական կուրսի ու սկզբունքների մեջ փոփոխություններ չեն լինի, եւ նախագահ Էրդողանը կվարի այն քաղաքականությունը, որը վարում էր իր վարչապետության օրոք: Նման կարծիք «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը' չբացառելով, որ 2015 թ-ին, երբ Էրդողանին հաջողվի փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ եւ նախագահին օժտել ավելի մեծ լիազորություններով, արտաքին քաղաքականության բնագավառում ավելի շատ կդիմի արկածախնդրային քաղաքականության եւ գերագույն նպատակը կդարձնի Մերձավոր Արեւելքում գերիշխող պետության դիրք ստանձնելը:
«Ես կարծում եմ, որ ապագայում Թուրքիան աչքի կընկնի ավելի արկածախնդիր քաղաքականությամբ, եւ այդ արկածախնդրությունը կբերի հարաբերությունների ավելի սրման հարեւանների հետ»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը' հավելելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների եւ դիրքորոշման փոփոխություն չի լինի:
«Էրդողանի նախագահության օրոք սպասել լուրջ փոփոխությունների Հայկական հարցի առնչությամբ անհնար է: Հայկական հարցի ու Ցեղասպանության ճանաչման առնչությամբ որեւէ բեկում չեմ ակնկալում: Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հենվում է այն սկզբունքի վրա, որ օգտվելով Հայաստանի աշխարհագրական դիրքից, որ մենք չունենք ծով եւ արգելափակված ենք մի քանի ուղղությամբ, փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի մենք փոխենք մեր մոտեցումները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կամ Ղարաբաղյան հարցում:
Հայաստանը չի ենթարկվում այդ ճնշման քաղաքականությանը, ինչը կշարունակվի նաեւ ապագայում»,- ասաց Սաֆրաստյանը' հավելելով, որ Ցեղասպանության ճանաչման հարցում էլ փոփոխություն չի լինի եւ օգտագործելով տարբեր հնարքներ' Թուրքիան կշարունակի ցեղասպանության ժխտման եւ կեղծիքի տարածման քաղաքականությունը:
Սաֆրաստյան փաստում է, որ Էրդողանի վարչապետության տարիներին Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններում նկատվեց սառնություն եւ Թուրքիայի համար այլեւս գերխնդիր չէր Եվրամիությանն անդամակցելը: Նրա կարծիքով' այս մոտեցումը կշարունակվի նաեւ ապագայում, քանի որ Եվրամիությունն էլ տեսնում է, որ Թուրքիայում խախտվում են մարդու իրավունքները, չեն հարգվում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները ու Թուրքիան տեղ չունի ժողովրդավար Եվրամիությունում:
«Թուրքիան վերածվել է լրագրողական բանտի, ճնշվում է խոսքի ազատությունը, չեն հարգում մարդու իրավունքները: Սա Էրդողանի որդեգրած քաղաքականությունն է երկրի ներսում, որը կշարունակվի նաեւ նրա նախագահության օրոք: Սա, իհարկե, ավելի կվատթարացնի հարաբերությունները Եվրամիության հետ, սակայն դա առանձնապես չի մտահոգում Էրդողանին, քանի որ նա առանձնակի ձգտումներ չի ցուցաբերի Եվրամիության հետ իր հարաբերություններն ինտեգրացնելու ուղղությամբ»,- ասում է թուրքագետը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, Սաֆրաստյանը դրանք բնութագրեց «հատուկ բնույթի», քանի որ Թուրքիան հատկապես սպառազինության եւ ռազմական տեխնոլոգիաների առումով մեծապես կախված է ԱՄՆ-ից:
«Մյուս կողմից Թուրքիան ձգտում է Մերձավոր արեւելքում դառնալ առաջնորդ եւ այդ երկու հանգամանքները ժամանակ առ ժամանակ հակասության մեջ են մտնում, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը հաճախ հակասում է ԱՄՆ-ի քաղաքականությանը Մերձավոր արեւելքում: Օրինակ, Թուրքիան փորձում էր Իրանի հետ տնտեսական հարաբերությունները լավացնել այն ժամանակ, երբ Արեւմուտք-Իրան հարաբերությունները խիստ լարված էին: Նա փորձում էր այդ կերպ միջնորդի դեր ստանձնել, ինչը Արեւմուտքի դուրը չէր գալիս: Նման արկածանխնդիր քաղաքականություն էր վարում նաեւ Իսրայելի հանդեպ, ինչի արդյունքում հարաբերությունները խիստ վատթարացան:
Սա նույնպես ԱՄՆ-ի հավանությանը չարժանացավ, սակայն այս ամենին զուգահեռ, Թուրքիայի համար ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ու աջակցությունը գերակա նշանակություն ունի եւ մարտավարական բնույթի հակասությունները, որ առաջանում են երկու երկրների միջեւ, չեն ազդի ռազմավարական համագործակցության վրա եւ Թուրքիան կշարունակի մնալ ԱՄՆ-ի թիվ մեկ դաշնակիցը Մերձավոր Արեւելքում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Օգոստոսի 10-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ հաղթանակ է տարել Թուրքիայի վարչապետ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի ներկայացրած տվյալներով՝ տարբեր ընտրատեղամասերում հաշվարկված քվեաթերթիկների արդյունքներով Էրդողանը հավաքել է ընտրողների ձայների 53,05 տոկոսը:
Նրա մրցակիցները՝ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը հավաքել են համապատասխանաբար 37,81 և 9,14 տոկոս ձայներ: