Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը մայիսի 5-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության աջակցության և խրախուսման AJR 32 բանաձևը: Բանաձևն ընդունվել է 9 կողմ, մեկ դեմ և մեկ ձեռնպահ ձայներով: Այժմ բանաձևը տեղափոխվել է խորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանը, որը տեղի կունենա մայիսի 8-ին: AJR 32 բանաձևի նախագծի հեղինակը Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գատտոն է:
ԱՄՆ Հայ դատի գրասենյակի Արևմտյան շրջանի նախագահ Նորա Հովսեփյանն իր երախտիքն է հայտնել Գատտոյին ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա հիմնված բանաձև ներկայացնելու և այն պաշտպանելու համար: «Մենք ակնկալում ենք, որ Կալիֆորնիան էլ կմիանա Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեյն և Լուիզիանա նահանգներին' աջակցելու Արցախի մեր եղբայրների' իրենց պատմական հողերում խաղաղ կյանքի ու բարգավաճման արդար պահանջին»,- ասել է Հովսեփյանը: Իր հերթին Մայք Գատտոն հայտնել է, որ իր համար մեծ պատիվ է եղել այս բանաձևի շուրջ աշխատել ԱՄՆ տեղի հայ համայնքի և դրա ականավոր ներկայացուցիչների հետ: