Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը մայիսի 5-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման AJR 32 բանաձևը: Ինչպես հաղորդում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կայքը, առաջին անգամն է, որ Կալիֆորնիա նահանգը պաշտոնական դիրքորոշում է արտահայտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության վերաբերյալ: Բանաձևը նաև կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին աջակցել ԼՂՀ ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախության կայացմանը:

 

AJR 32 բանաձևի նախագիծը ներկայացրել է Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն: Հաստատվելու դեպքում այն կներկայացվի նահանգի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը և հաստատմանը: Հայ դատը կոչ է անում Կալիֆորնիայի հայությանը դիմել իրենց շրջանները ներկայացնող կոնգրեսականներին' հորդորելով կողմ քվեարկել բանանձևի ընդունմանը:

 

Կալիֆորնիայի և Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը 2014 թվականի սկզբին Լեռնային Ղարաբաղը ճանաչեց, որպես անկախ և ինքնիշխան պետություն: Իսկ 2013-ի աշնանը Ղարաբաղի անկախությունը ճանաչեց նույն նահանգի Հայլենդ քաղաքը: Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձևեր են ընդունել ամերիկյան Ռոդ Այլենդ, Մեյն, Լուիզիանա նահանգները: