Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մայիսի 7-ին Հայաստանում նշել Երիտասարդության օրը' այն հայտարարելով ոչ աշխատանքային:
Հիմնավորման մեջ նշվում է, որ մայիսը համարվում է հայ ժողովրդի Մեծ հաղթանակների ամիսը: Շուշիի ազատագրման, Հայրենական պատերազմում տարած մեծ հաղթանակի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսամարտերում, ինչպես նաև Առաջին Հանրապետության անկախության նվաճման գործում մեծ է եղել հայ երիտասարդության դերակատարությունը:
Ըստ նախագծի հեղինակների' հաղթական տոներից առաջ' մայիսի 7-ին, պետք է նշել Երիտասարդության օրը: Մայիսը, ինչպես ընդհանրապես գարունը, խորհրդանշում է հավերժություն, զարթոնք, վերածնունդ և երիտասարդություն, իսկ 7 թիվը երիտասարդության ամենասիրելի թվերից մեկն է: Դա ապացուցում են երիտասարդության շրջանում անցկացված հարցումներն ու հետազոտությունները:
Երիտասարդության տոնը մայիսի 7-ին նշելու առաջարկությունը քննարկվել ԵՊՀ պատմության ֆակուլտետի պատմաբանների, ազգագրագետների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների կողմից և հավանության է արժանացել: Երիտասարդության տոնը' որպես պետական տոն օր, նշվում է մասնավորապես' Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Տաջիկստանում և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում: Ողջ աշխարհում օգոստոսի 12-ին նշվում է նաև «Երիտասարդության միջազգային օրը»: Իսկ նախկին ԽՍՀՄ-ում նշվում էր «Սովետական երիտասարդի օրը»:
Նախագծի հեղինակներն են ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը և Լևոն Դոխոլյանը: