Ջեյմս Ուորլիքի այսօրվա հայտարարությունը գրեթե ոչ մի նոր լուծում չի առաջարկում: Առաջարկվող ծրագիրը ո´չ բարոյապես ընդունելի է, ո´չ գործնականորեն կայուն: Այս մասին ասվում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն արձագանքում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկ խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ քաղաքականության մասին՝ «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ» վերնագրով հայտարարությանը։

 

Արամ Համբարյանն իր հայտարարության մեջ, մասնավորապես, ասել է. «Չնայած մենք ողջունում ենք ցուցավբերված ուշադրությունը կարգավիճակի հարցին՝ հիմնարար մակարդակում, այս ծրագիրը համահունչ չէ ժողովրդավարական ինքնորոշման ամերիկյան իդեալին, մի հարատև սկզբունք, որի վրա հիմնված է մեր երկիրը և որի վրա անցյալ հիսնամյակում ստեղծվել են ավելի քան հարյուր պետություններ։

 

Օգտագործելով խորապես հրահրող և ակնհայտորեն ոչ ճիշտ «օկուպացիա» տերմինը' առաջարկված ծրագիրը կրկին կոչ է անում Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին' Բաքվի ագրեսիայի պատերազմի զոհերին, ռազմավարական անվտանգության ուղղակի զիջումների գնալու' խիստ ռազմատենչ Ադրբեջանի՝ դյուրությամբ փոփոխվող խոստումներին ի պատասխան:

 

Այնուհանդերձ, մենք հույս ենք հայտնում, որ ԵԱՀԿ միջնորդությամբ վերջնական արդյունքում խաղաղություն կհաստատվի, թեև հիասթափված ենք տվյալ առաջարկում ներկայացված կարգավիճակի և անվտանգության անհամաչափությամբ:

 

ԵԱՀԿ օրակարգի առաջնային հարցերից պետք է լինի, իհարկե, Բաքվի արգելքի հարցը' Լեռնային Ղարաբաղի ամբողջական և անմիջական մասնակցությանը խաղաղ բանակցություններին»: