Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ' Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի'Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման վեց կետերի տեսլականը Մադրիդյան սկզբունքների հայտնի հինգ կետերի փաստացի կրկնությունն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց քաղաքագետը: «Ուորլիքը փորձել է շեշտադրումներ փոխել ու նման հայտարարությամբ ավելի ակտիվացնել Միացյալ Նահանգների քաղաքականությունը և դերակատարությունը տարածաշրջանային զարգացումներում: Ակնհայտ է, որ մինչ այսօր Մինսկի խմբի համանախագահները հանդես էին գալիս միասնական դիրքորոշումներով և մրցակցություն, ավելի ակտիվ լինելու պայքար կարծես թե չկար: Ավելին ասեմ' ժամանակին Միացյալ Նահանգներն անգամ, այսպես ասած, «առաջին ջութակի» դերը զիջել էր Ռուսասատանին' հույս ունենալով, որ Մեդվեդևի կազմակերպած' նախագահների եռակողմ հանդիպումները ինչ-որ արդյունքի կբերեն»,-աս աց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

Քաղաքագետի խոսքով' աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխմանը զուգընթաց' ԱՄՆ-ն ակտիվացնում է իր դիրքերը մյուս տարածաշրջաններում: «Նկատի ունեմ ուկրաինական զարգացումները, նաև Մերձավոր Արևելքի' Միացյալ Նահանգների համար ձգձգվող հակամարտությունը, և փաստացի Ուորլիքի հայտարարությունը Կովկասում ինքնուրույն հանդես գալու կամ, ավելի ճիշտ, ակտիվ լինելու հայտ է ԱՄՆ-ի կողմից»,-նշեց քաղաքագետը:

 

Թե ինչպես կազդի նշյալ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վրա, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ավելի քան համոզված է, որ հարցերի նմանատիպ ձևակերպումները նույն փակուղին են տանում, որում այսօր հայտնվել է բանակցային գործընթացը: «Այստեղ միանշանակ ակնհայտ է, որ նոր մոտեցումներ են անհրաժեշտ, որոնք պետք է հաշվի առնեն ստեղծված իրականությունը և տարիների ընթացքում ամրագրված իրականությունը: Խոսքս Արցախի անկախության մասին է, այն մասին, որ հայկական կողմը բազմիցս նշել է, որ Արցախն էլ երբեք, ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սա մեզ համար շատ հստակ դիրքորոշում է: Նրանք շատ լավ հասկանում են, որ սա միևնույն է անընդունելի է թե հայկական, թե ադրբեջանական կողմի համար, բայց միևնույն է փորձում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա խաղաղություն առաջարկել: Բայց մենք տեսանք, որ անցած համարյա երկու տասնամյակում դրանք ոչ մի օգուտ չբերեցին և հիմք չկա կարծելու, որ դրանք կարող են արդյունավետ լինել ապագայում»,-եզրափակեց քաղաքագետը:

 

Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ելույթում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման վեց կետերի իր տեսլականը:

 

Առաջին կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Երկրորդ, ըստ Ուորլիքի, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի դրսևորումը, առանց որի' կարգավորում չի կարող լինել, իսկ չորրորդով' ամրագրել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող ցամաքային անվտանգ միջանցքի կարևորությունը: Ամերիկացի համանախագահի նշած հինգերորդ կետը ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքի ամրագրումն է: Վեցերորդ կետի համաձայն' կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: