«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծի լրամշակված տարբերակի ընդունումից հետո այն քաղաքացիները, ում վճարները պահվել, բայց գործատուի կողմից չեն փոխանցվել համապատասխան հաշիվներին, կարող են հետ ստանալ իրենց գումարները: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: «Այն քաղաքացիները, ում վճարները գործատուն պահել է, սակայն հաշիվներին չի փոխանցել, կկարողանան ստանալ դրանք գործատուին դիմում գրելու եղանակով»,-ասաց Հակոբյանը:

 

Նա հստակեցրեց, որ նախագծի ընդունումից հետո պարտադիր բաղադրիչն ամբողջությամբ չի հանվում, այն շարունակելու է գործել մինչև սեպտեմբերի 30-ը, երբ պատրաստ կլինի նոր օրենսդրական փաթեթը: «Պարտադիր բաղադրիչը չի հանվում: Այն շարունակելու է գործել այն քաղաքացիների համար, ովքեր դիմում չեն գրի և չեն հրաժարվի համակարգին մասնակցելու պարտավորությունից: Դա' մինչև սեպտեմբերի 30-ը, որից հետո արդեն կլինի նոր օրենսդրական փաթեթը, և արդեն հայտնի կդառնա, թե ինչպես է գործելու օրենքը հետագայում»,- ասաց Հակոբյանը:

 

ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որով քաղաքացիները հնարավորություն են ստանում դիմում գրելու եղանակով չմասնակցել պարտադիր կուտակային համակարգին: Ավելի վաղ կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում էր կասեցնել պարտադիր վճարները չկատարելու դեպքում տույժերի հաշվարկը, ինչը չէր բավարարել ոչ իշխանական ուժերին, որոնք ներկայացրել էին իրենց սեփական նախագիծը՝ առաջարկելով ամբողջությամբ հանել պարտա դիր բաղադրիչը: