Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքով քաղաքացիները կարող են նաև սահմանված նպատակային սոցիալական վճարը կատարել իրենց հատկացվող սոցիալական փաթեթից: Այս մասին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հացերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին: «Այն քաղաքացիները, ովքեր սոցիալական փաթեթ են ստանում, սահ մանված նպատակային սոցիալական վճարները կարող են փոխանցել իրենց սոցիալական փաթեթից»,- ասաց Ասատրյանը:
Պատգամավորի դիտարկմանը, թե ստացվում է, որ պետությունը քաղաքացուն հուշում է, որ իր առողջական խնդիրների լուծման համար հատկացվող սոցիալական փաթեթի գումարներից ինքը կարող է որպես նպատակային սոցիալական վճար փոխանցել պետբյուջե, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ օրենքով սահմանված է, որ սոցիալական փաթեթում առողջության համար սահմանված գումարին քաղաքացին չի կարող ձեռք տալ և պետք է այն օգտագործի միայն իր առողջության համար: «Առողջական խնդիրների համար նախատեսված գումարները քաղաքացին այլ նպատակներով չի կարող օգտագործել: Սակայն փաթեթում կան լրացուցիչ գումարներ, որոնցով, գիտեք, քաղաքացին կարող է հանգստանալ, ուսման վարձ փոխանցել: Հենց այդ գումարներից էլ նա կարող է փոխանցել նպատակային սոցիալական վճարը»,- պարզաբանեց նախարարը:
Ազգային ժողովը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին կառավարության նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է պարտադիր կուտակային վճարները սահմանել որպես նպատակային սոցիալական վճար: Օրենքի ընդունումից հետո այն կտարածվի միայն պետական հատվածի աշխատողների վրա, իսկ մասնավոր հատվածի համար այն կամավոր կլինի մինչև 2017թ.: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ նոր փոփոխություններով կառավարությունը համապատասխանեցրել է օրենքը ՀՀ Սահմանադրությանը և ականջալուր է եղել քաղաքացիների բողոքներին ու մտահոգություններին: