Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի նախագծով' գործատուն կկատարի նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու նպատակային սոցիալական վճարը: Այս մասին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: «Նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու փոխարեն սահմանված պարտադիր նպատակային սոցիալական վճարը կկատարի գործատուն, որպեսզի նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին ստանա այնքան աշխատավարձ, որքան որ սահմանված է»,- հայտնեց Ասատրյանը:
Նա ընդգծեց, որ այս փոփոխությամբ հաշվի է առնվել Սահմանադրական դատարանի այն որոշումը, որ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին իր աշխատավարձը պետք է ստանա ամբողջությամբ: Նախարարի խոսքով՝ այս որոշմամբ գործատուների վրա բեռն այնքան մեծ չի լինի, քանի որ վճարներն էլ մեծ գումար չեն կազմում:
Ազգային ժողովը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին կառավարության նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով առջարկվում է պարտադիր կուտակային վճարները սահմանել որպես նպատակային սոցիալական վճար: Օրենքի ընդունումից հետո այն կտարածվի միայն պետական հատվածի աշխատողների վրա, իսկ մասնավոր հատվածի համար այն կամավոր կլինի մինչև 2017թ.: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ նոր փոփոխություններով կառավարությունը համապատասխանեցրել է օրենքը ՀՀ Սահմանադրությանը և ականջալուր է եղել քաղաքացիների բողոքերին և մտահոգություններին: