Նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Դամասկոսի մտադրությունը բացառում է սիրիական իշխանության և ընդդիմության միջև բանակցությունների վերսկսելը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին մայիսի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի նստավայրում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը՝ ավելացնելով, որ նախագահական ընտրությունները, որոնց չեն մասնակցելու Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչները, հակասում է ժնևյան համաձայնագրին:

 

«Ցավոք, այժմ քաղաքական դրական մթնոլորտ չկա, որը հնարավորություն կտա վերսկսել բանակցությունները»,- նշել է նա:

 

Պան Կի Մունը հույսով է, որ Սիրիայի հարցով հետաքրքրված երկրները քաղաքական և բարոյական պատասխանատվություն կցուցաբերեն և կհասնեն Դամասկոսի և ընդդիմության միջև բանակցությունների նոր փուլի անցկացմանը:

 

Ավելի վաղ՝ մայիսի 12-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի համատեղ բանագնաց Ախդար Իբրահիմիի հետ և քննարկել բանակցությունների վեսկսման զանազան ուղիներ:

 

Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել էր փետրվարի 10-ին՝ առանց մեծ հաջողություններ գրանցելու: Ենթադրվում էր, որ հաջորդ ամիսների ընթացքում բանակցությունները կշարունակվեն, սակայն դա այդպես էլ չհաջողվեց: Լարվածությունը մեծացել է հատկապես Սիրիայի նախագահական ընտրությունների մասին Դամասկոսի հայտարարությունից հետո: