Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մայիսի 3-ին անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին' նշելով, որ հատկապես Օդեսայում տեղի ունեցած ողբերգությունից հետո անհեթեթ է Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացումը: «Այն ամենից հետո, ինչ կատարվեց Օդեսայում, թե ինչպես են մեկը մյուսին հաջորդում առճակատումները երկրի հարավ-արևելքում, մենք չենք հասկանում, թե ինչպես կարող են Կիևում, Վաշինգտոնում կամ եվրոպական երկրներում քննարկել առաջիկա նախագահական ընտրությունները»,- վկայակոչելով «Ինտերֆաքսը»:
Ըստ Պեսկովի' ակնհայտ է, որ գործող Սահմանադրության հիմքի վրա, ռազմական գործողությունների, զանգվածային սպանությունների ֆոնին խոսել ինչ-որ ընտրությունների մասին, մեղմ ասած, անհեթեթ է: Անդրադառնալով այն հարցին, թե Մոսկվան կճանաչի նախագահական ընտրությունների արդյունքները, Պեսկովն ասել է, որ Կրեմլում դեռ չեն որոշել, թե ինչպես կգործեն: «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ դա մեզ համար նոր տարր է: Մենք օրական հազարավոր զանգեր ենք ստանում Ուկրաինայի հարավ-արևելքից: Մարդիկ հուսահատ զանգում և աջակցություն են խնդրում Ռուսաստանից: Զանգերի մասին զեկուցում ենք Վլադիմիր Պուտինին»,- ասել է Պեսկովը:
Մայիսի 25-ին Ուկրաինայում նշանակված արտահերթ նախագահական ընտրություններին 14 թեկնածու է գրանցվել: Հիմնական ֆավորիտները երկուսն են' գործարար միլիարդատեր, «Ռոշեն» շոկոլադի արտադրության սեփականատեր Պյոտր Պորոշենկոն և ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար, վերջերս բանտարկությունից ազատ արձակված Յուլիա Տիմոշենկոն: