Սիրիայում նախատեսվող նախագահական ընտրությունները գործող նախագահ Բաշար ալ Ասադի համար սեփական իշխանությունը լեգիտիմացնելու միջոց կարող է հանդիսանալ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Նրա տեղեկացմամբ, նախատեսվող ընտրություններն աննախադեպ են Սիրիայի համար առաջադրված թեկնածուների թվով, նրանով, որ նրանց կազմում կան նաև կանայք: «Փորձագետների կարծիքով, Բաշար ալ Ասադին կհաջողվի հավաքել ձայների մեծամասնությունը, և այս ընտրություններով լեգիտիմացնել իր իշխանությունը:

 

Ընտրությունները կանցկացվեն այն տարածքներում, որտեղ հաստատված է կառավարական ուժերի վերահսկողությունը: Առաջադրված թեկնածուներն էլ ներկայացնում են հենց այն տարածքները, որոնք կառավարական ուժերի վերահսկողության ներքո են: Խոսել համասիրիական ընտրական գործընթացի մասին միամտություն կլինի»,-ասաց արաբագետը ' հավելելով, որ Սիրիայի բարձրագույն սահմանադրական դատարանը մայիսի 5-ին պետք է որոշում կայացնի, թե առաջադրված թեկնածուներից ով պետք է մասնակցի ընտրություններին:

 

Սարգիս Գրիգորյանի տեղեկացմամբ, որքան մոտենում է ընտրությունների օրը, ռազմական գործողություններն այնքան առավել ինտենսիվ են դառնում ու ավելի մեծ թվով տարածքներ են սկսում ներառել:

 

Հարցին, թե ինչպիսին է Արևմուտքի դիրքորոշումը սպասվող ընտրությունների վերաբերյալ, արաբագետը նշեց, որ ԱՄՆ-ն ու Եվրոմիությունը հայտնել են իրենց կարծիքը, որ այդ ընտրությունները խեղկատակություն են և անընդունելի: «Նրանք հայտարարել են, որ այդ ընտրություններն անընդունելի են, առավել ևս, երբ կային գործընթացներ, կար Ժնև, որի ժամանակ խոսվում էր անցումային կառավարության մասին, որտեղ կարող էին տեղ ունենալ նաև իշխող վարչախմբի անդամները' միևնույն ժամանակ բացառելով Ասադի առաջադրումն ու վերընտրությունը»,-ասաց արաբագետը:

 

Նրա բնորոշմամբ, ներկա պայմաններում չի բացառվում նաև ընտրությունների չանցկացումը' չնայած նկատելի է նաև հակառակ միտումը, երբ կառավարական ուժերը փորձում են ընտրական ակտիվություն ապահովել նոր տարածքներում: «Հնարավոր են այնպիսի զարգացումներ, որ նաև չկայանան այդ ընտրությունները: Բայց ես նկատում եմ նաև հակառակ միտումը. տեղեկություններ կան, որ կառավարական ուժերը գումար են տվել ծայրահեղական ուժերին ու փորձում են ընտրական ակտիվություն ցուցաբերել Ռաքայում և Հասակայում»,-ասաց արաբագետը:

 

Սարգիս Գրիգորյանի տեղեկացմամբ, ընտրությանը կմասնակցի Սիրիայի տարածքի կեսից մի փոքր ավելին, որոնք գտնվում են կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Հայաստանում և Վրաստանում հաստատված Սիրիայի քաղաքացիները, արաբագետի կարծիքով, հնարավորություն կունենան մասնակցել ընտրություններին Հայաստանում:

 

Սիրիայում նախագահական ընտրությունները նախատեսված են հունիսի 3-ին: Գործող նախագահ Բաշար ալ Ասադը իր թեկնածությունն առաջադրել է ապրիլի 28-ին: