Թուրքիայում նախագահական ընտրությունների բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքների համաձայն՝ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49,24%-ը, նրա հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,06%-ը, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
Երրորդ տեղում է Սինան Օգանը՝ 5,28%-ով։ Նա դեռ չի հայտնել, թե երկրորդ փուլի դեպքում ում է սատարելու։
Վերջնական արդյունքները կհրապարակի Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը, որը նաև կորոշի՝ ընտրությունների երկրորդ փուլ կլինի՞, թե՞ ոչ։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր 50 տոկոսից ավելի ձայն։
Ընտրական հանձնաժողովը 53,9 միլիոնից անվավեր է ճանաչել ավելի քան 1,21 միլիոն ձայն։ Մասնակցությունը գերազանցել է 88,8%-ը։
Թուրքիայում մայիսի 14-ին կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Նախագահի թեկնածուները երեքն են՝ գործող նախագահ 69-ամյա Էրդողանը Հանրապետական դաշինքից միակ թեկնածուն է, 74-ամյա Քըլըչդարօղլուն՝ ընդդիմադիր Ժողովրդական դաշինքից, և 55-ամյա Օգանը՝ «Աթա» դաշինքից։ Չորրորդ թեկնածուն՝ «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն էր, հանել էր իր թեկնածությունը ընտրություններից երեք օր առաջ։