Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ձայների զգալի կորուստը ԱԶԿ ներսում տարբեր կերպ է մեկնաբանվել: Չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոստացել էր նախորդ ընտրություններում ունեցած հաղթանակը չունենալու պարագայում հրաժարական տալ, այդուհանդերձ 25-րդ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո նա, ելույթ ունենալով ժողովրդի առաջ, մոռացել է իր խոստումը և հայտարարել է իրենց հաղթանակի մասին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Դավութօղլուն հույս է հայտնել, որ առաջիկայում ևս իրենց կուսակցությունը «մեծ նվաճումներ կունենա»: «Բոլորը պետք է իմանան, որ այս ընտրությունների հաղթողն ու առաջատարը ԱԶԿ-ն է: Թող ոչ մեկ տանուլ տված ընտրությունները չփորձի հաղթանակ հայտարարել»,- ասել է Դավութօղլուն:

 

Ի տարբերություն վարչապետի' փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ավելի իրատեսական է գնահատել կատարվածը: «Միլլիեթ» պարբերականի փոխանցմամբ, լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ընտրությունների արդյունքները, նա պատասխանել է միայն մեկ բառով' ասելով. «Տխուր եմ»: