Անցած գիշեր Ստամբուլում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի մասնակիցները հրդեհել են Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համակարգող կենտրոնը:

 

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, անցած ամռանը Գեզի այգու հետ կապված բողոքի ակցիաները ցրելու ժամանակ ոստիկանության արձակած գազային նռնակից վիրավորվելու հետեւանքով 9 ամիս կոմայում գտնվելուց հետո երկու օր առաջ մահացած 14-ամյա Բերքին Էլվինի հուղարկավորությունից հետո ակցիայի մասնակիցները որոշել էին ուղղվել Ստամբուլի Թաքսիմ հրապարակ: Ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը: Օգտագործելով ջրաշիթեր եւ արցուքաբեր գազ, ոստիկանությունը փորձել է խանգարել նրանց երթը: Ոստիկանության գործողություններից զայրացած ակցիայի մի խումբ մասնակիցներ հրդեհել են ԱԶԿ-ի մոտակայքում գտնվող համակարգող կենտրոնը, որը մեծ վնաս է կրել:

 

Անցած գիշեր Թուրքիայի 32 քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել' կապված Բերքին Էլվինի մահվան հետ: Ամենազանգվածային բողոքի ակցիաները տեղի են ունեցել Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում:

 

Թուրքիայում անցյալ մայիսի վերջից Գեզի այգու բնապահպանական պահանջներով մոտ երեք շաբաթ զանգվածային բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել, որոնք, իշխանությունների խոսքով, հակակառավարական բնույթ են կրել: Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ոստիկանությանը մեղադրել են բողոքի ելածների դեմ անհամաչափ մեծ ուժ կիրառելու մեջ: