Թուրքական ORC հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնը հայտարարել է, որ այդ երկրում օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին ընդառաջ նախագահ ընտրվելու մեծ ցանկություն ունեցող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշն ամենաբարձրն է, ով նաեւ հանդիսանում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդը: Կենտրոնը նախագահական ընտրությունների հետ կապված Թուրքիայում երկու հարցում է անցկացրել, որոնցից մեկում ապագա նախագահի թեկնածու է նշել գործող վարչապետ Էրդողանին, իսկ մյուսում' գործող նախագահ Աբդուլլահ Գյուլին: Որպես այլընտրանքային թեկնածուներ ներկայացվել են Ժողովրդահանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սալահեթդին Դեմիրթաշը:
Հարցումների համաձայն՝ որպես նախագահի թեկնածու Էրդողանն ստացել է 54 տոկոս քվե, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Իհսանօղլուն՝ 39.4 տոկոս, ինչը նշանակում է, որ Էրդողանը ընտրությունների առաջին փուլում կընտրվի նախագահ: Քրդական ԺԴԿ-ի թեկնածուն ստացել է 6.6 տոկոս:
Ինչպես հաղորդում է թուրքական «Գազեթե 24» լրատվական կայքը, հունիսի 18-21-ին 32 նահանգներում 3026 մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն' ամենաշատ «ձայները» ստացել է Էրդողանը:
Կայքը հայտնում է, որ ԱԶԿ-ը դեռեւս պաշտոնապես չի ներկայացրել Էրդողանի թեկնածություն առաջիկա նախագահական ընտրություններում:
Առաջին անգամ Թուրքիայում նախագահին կընտրեն համաժողովրդական քվեարկության արդյունքում: Թուրքիայի նախագահի ընտրություններում, որը պետք է անցկացվի առաջիկա օգոստոսի 10-ին իրենց թեկնածություններն մտադիր առաջադրել նաեւ իզմիրցի 58-ամյա ճարտարագետ Բուրհան Էրոլը եւ փիլիսոփայության 44-ամյա դասախոս, երեք երեխաների մայր Ուլվիե Քաֆալ Օլգուն: Ընդդիմադիր ԺՀԿ-ի ընտրազանգվածի մեծ մասը դեմ է արտահայտվել Իհսանօղլուի առաջադրմանը, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել նաև հենց կուսակցության շրջանում:
Թուրքական ORC հետազոտական ընկերությունը համարվում է որպես գյուլենականներին մոտ կանգնած կառույց, սակայն ունի նաև օբյեկտիվ ու անաչառ հետազոտություններ իրականացնողի համբավ: