Հայաստանի ալկոհոլային խմիչքների մակնշումը կատարվում է Եվրամիության չափանիշներով, և արտադրանքը համապատասխանում է ամենախիստ պահանջներին, հետևաբար ալկոհոլային խմիչքների ներկրման նկատմամբ Ղազախստանի արգելքը չի կարող վտանգել հայ արտադրողների շահերը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ նշելով, որ հայկական արտադրանքը բավարարում է ղազախական կողմի ներկայացրած պահանջները:

 

«Մենք վաղուց մեր օրենսդրական դաշտը համապատասխանեցրել ենք եվրոպական ստանդարտներին, և մակնշումն այստեղ կատարվում է ամենայն խստությամբ։ Այսինքն' մեր արտադրանքի մակնշումը չի հակասում Ղազախստանի պահանջներին։ Իսկ ինչ վերաբերում է նրանց սահմանած ներմուծման արգելքին, կարծում եմ՝ սա Հայաստանին չի սպառնում, և մեզ համար արագ անցումային փուլ կլինի»,- ասաց Հարությունյանը։ Նա չբացառեց այն, որ Հայաստանը կարող է բանակցել Ղազախստանի հետ ալկոհոլային խմիչքների մասով։

 

Հարությունյանը տեղեկացրեց, որ այս խնդիրը մասն է այն գլոբալ խնդրի, որ Ղազախստանն ունի Ռուսաստանի և Մաքսային միության հետ կապված։ «Ղազախստանն ալկոհոլի մասով խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, քանի որ երկու երկրները գտնվում են տարբեր հարկային դաշտերում: Իրենք փորձում են ներդաշնակեցնել այդ դաշտը, սակայն դեռևս հաջողության չեն հասել: Դրա հետևանքով առաջացել է ստվեր որն, այս պարագայում ղազախական ալկոհոլի տեղաշարժն է դեպի ռուսական շուկա: Ռուսները փորձեցին կարգավորել այս հարցը, սակայն առաջացավ շահերի բախում»,-ասաց Հարությունյանը: Նա նշեց, որ Հայաստանից Ղազախստան է արտահանվում տարեկան մոտավորապես 1 մլն շիշ կոնյակ, իսկ գինու ծավալները զգալիորեն պակաս են՝ մոտ 50 հազար շիշ։