Ազգային ժողովը քննարկում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կարգավորել ոլորտի ռազմավարական խնդիրների լուծման ուղիների և էներգահամակարգի հուսալիության ապահովման համար լիցենզավորված անձանց նոր գործառույթների սահմանումը: Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձին տալ իրավունք' էլեկտրաէներգիան գնել ոչ միայն էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանցից: «Առաջարկվում է նաև էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային և ֆորս մաժորային իրավիճակների ժամանակ էլեկտրական էներգիայի փոխհոսքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցվող էլեկտրական էներգիայի փոխանակումն իրականացնել հանձնաժողովի կողմից սահմանված կարգով»,- ասաց Գալստյանը:

 

Նոր կառուցվող, վերակառուցվող և վերազինվող փոքր հիդրոէլեկտրակայաններում հիդրոէներգետիկ ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու նպատակով առաջարկվում է էլեկտրաէներգիայի արտադրության գործունեության լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար սահմանել նոր պայմաններ, մասնավորապես' էներգիայի վերականգնվող որոշ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի (հզորության) գնման համար սահմանել քսան տարվա երաշխիքային ժամկետ: Արեգ Գալստյանը նշեց, որ սույն մոտեցումը պայմանավորված է հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի էլեկտրակայանների սարքավորումների և տեխնոլոգիաների բարձր արժեքով, ինչի հետևանքով այդ տիպի կայանների կառուցումը ՀՀ էներգահամակարգում դեռևս կիրառություն չեն գտնում: Երաշխիքի նոր ժամկետի սահմանումը ներդրողների համար ոլորտն ավելի գրավիչ է դարձնում, մյուս կողմից այն հնարավորություն կտա այդ կայանների համար սահմանել ոչ բարձր սակագներ:

 

Փոխնախարարն ընդգծեց, որ ակնկալվում է' նախագծի ընդունման դեպքում կկատարելագործվեն սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների առավելագույնս, տնտեսապես ողջամիտ և էներգաարդյունավետ օգտագործման հնարավորությունները, կբարձրանա ՀՀ էներգետիկ համակարգում էլեկտրական էներգիայի հուսալի և արդյունավետ մատակարարման ու օգտագործման մակարդակը' սպառողների շահերի հավասարակշռմամբ: Նախագիծը մշակել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: