ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հավանական թեկնածությունը ՀԱԿ-ում հրապարակային չի քննարկվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Հայական Ժամանակ» օրաթերթում Նիկոլ Փաշինյանն իր հրապարակման մեջ գրել է. «Հայ ազգային կոնգրեսի վերջին շրջանի գործունեությունը բազմաթիվ հարցեր է հարուցել, խոսակցությունների տեղիք է տվել։ Դրանցից մեկն այն է, թե իբր ես ինչ-որ ամբիցիաներ եմ խաղացնում կամ խաղացրել Հայ ազգային կոնգրեսում, պահանջել եմ, որ լինեմ Կոնգրեսի թեկնածուն նախագահական առաջիկա ընտրություններում։ Սա կատարյալ անհեթեթություն է, և հարկ է նկատել, որ Կոնգրեսի շրջանակներում իմ պահվածքը եղել է համեստ և որևէ կարգավիճակի համար երբեք կռիվ չեմ տվել, որևէ մեկից աջակցություն չեմ խնդրել, որևէ մեկին ակնարկ-նամյոկ չեմ արել, որևէ մեկին «վերբովկա» անելու փորձ չեմ ձեռնարկել»:
168.am-ի հետ զրույցում Պետրոս Մակեյանը հաստատեց Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունները՝ ասելով, որ Փաշինյանը նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկություն չի հայտնել, ուստի հարցը հրապարակային քննարկման չի դրվել:
«Այս հարցը պարբերաբար շահարկվել է ՀԱԿ նոմենկլատուրայի կողմից: Այսպես ասած՝ զուտ կուլիսային խոսակցություն: Նիկոլ Փաշինյանն այս հարցում ճիշտ է. Փաշինյանը թեկնածուի ամբիցիաներ չի ունեցել: Հարցը քննարկվել է ոչ օբյեկտիվ հիմքերում, այլ խառնակիչ գործողությունների իրականացման համար»,- ասաց Մակեյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ խառնակիչ գործողություններ էին դրանք և ո՞ւմ կամ ինչի՞ն են եղել ուղղված, Պետրոս Մակեյանն պատասխանեց. «Կարծում եմ՝ այս պրոցեսի հեղինակը Զուրաբյան Լևոնն է եղել: Նախաձեռնությունն ինձ թվում է իրենն է եղել: Իսկ թե ինչո՞ւ է նա նման բան արել, չեմ կարող ասել, իրենից հարցրեք»:
Պետրոս Մակեյանը նաև հավելեց, որ իր կարծիքով, Նիկոլ Փաշինյանն այս խոսակցություններին բացասական է վերաբերել ու առանձնապես ուշադրություն դրանց չի դարձել:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի թեկնածության հարցն այդպես էլ ՀԱԿ-ում չդարձավ հրապարակային քննարկման առարկա, Պ. Մակեյանն ընդգծեց, որ «Ն. Փաշինյանն իր պարամետրերով բավարարել է ընդդիմադիր միասնական թեկնածուի չափանիշներին», բայց Կոնգրեսը պատրաստ չի եղել բացի ՀԱԿ առաջնորդից, այլ թեկնածուի տեսնել.
«Մեր կուսակցությունն էլ, մեծ հաշվով, գտնում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի նախընտրելի թեկնածու է: Բայց ո՛չ նա (Լևոն Տեր Պետրոսյանը.- Տ.Մ.) առաջադրվեց, ո՛չ էլ համարժեք թեկնածու ներկայացրեց»:
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն իր անձի վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները որակել էր որպես կատարյալ անհեթեթություն:
«Իմ կողմից ամբիցիաներ խաղացնելու մասին խոսակցությունները այլ կերպ, քան ցնորք, չեմ կարող որակել, դրանք տարածվել են, երբ իմ փաստարկներին հակափաստարկ չի եղել, և բանսարկությունն է եղել միակ հնարավոր հակակշիռը։
Ինչ վերաբերվում է նախագահական ընտրություններում իմ թեկնածու առաջադրվելուն, դրա մասին խոսել կամ ակնարկել են ուրիշները, ինչին իմ պատասխանը եղել է կամ խուսափողական, կամ՝ կտրուկ բացասական։ Ավելին, մի քանի անգամ եմ հայտարարել, որ 2013թ. նախագահական ընտրություններում չեմ պատրաստվում առաջադրվել»,- գրել է Ն. Փաշինյանը: