Այս նյութը չէի գրի եթե իմ կողմից հարգված, Լեւոն Տեր-Պետրոսյանի ջատագով մի լրագրող-վերլուծաբան չգրեր ֆեյսբուքում, որ Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ համագումարում իրեն դուր է եկել եւ, գուցե դա, ըստ իրեն, վերջինիս լավագույն ելույթներից է: Ապշեցի, ճիշտն ասած, որեւէ բացատրություն, բացի “ սերը կույր է” հայտնի արտահայտությունից չգտա:
Հետո, որպես միշտ, նույնիսկ ինքս ինձ, քննող ու կասկածող մարդ սկսեցի մտածել, որ ախր ատելությունն էլ կույր է, գուցե չեմ զգում, բայց իրականում ատում եմ Լեւոնին եւ այդ է պատճառը որ հերթական անգամ չեմ հավանում նրա ելույթը:
Ասեմ, որ ելույթի տեքստի, ըստ ինձ օբյեկտիվ, կրկնակի զննությունը թողեց ինձ իմ հին կարծիքին, որը կշարադրեմ ստորեւ եւ կփորձեմ մի քանի հատվածների անդրադառնալով հիմնավորել այն: Բայց, անշուշտ, կասկածներս մնում են ուժի մեջ եւ, կարծում եմ, միայն դուք, հարգելի ընթերցողներ, ձեր հավաքական օբյեկտիվությամբ կարող եք վերջնական գնահատական տալ:
Սկսեմ ելույթը լսելուց հետո ձեւավորված կարծիքս ձեզ ներկայացնելով:
Այդ ելույթ-դասախոսության' կողմնորոշումների, հակաարեւմտականության եւ հակառուսականության վերաբերյալ հատվածը, որը ելույթի մեծ մասն էր եւ որում խոսվում է դրանց երեւակայական առկայության եւ դրանով ազգը պառակտելու լուրջ վտանգի մասին, չնչին կապ ունի հայ իրականության հետ եւ նման ելույթ ունենալու ու արհեստական վտանգներ նշելու միակ դրդապատճառը օրերս հրապարակայնացված Օսկանյան-Զուրաբյան խոսակցության գաղտնալսման մեջ, Լեւոն Զուրաբյանի արտահայտած մի անզգույշ միտք վնասազերծելու, կամ քողածածկելու ձգտումն էր:
Կներեք, բայց, միտքս ապացուցելու համար, ստիպված եմ մեջբերել այդ հատվածը:
Լեւոն Զուրաբյանն ասել է. «Կոնգրեսը, Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կարողանում էր պահել քաղաքացիական հասարակությունը, այսպես ասեմ էլի, ոչ հակառուսական հատվածում, մի քիչ էլ տենց արևմուտքին քննադատելով, որ ինքը աչք ա փակում այս ամեն ինչի վրա ու նաև կարողանում էր ինչ-որ ձևով ասել, որ դե մարտավարություն ա, ԲՀԿ-ի հետ մենք կարանք գնանք սդելկաների, չնայած իրանք էլ են մարտի, չգիտեմ ինչ, բան, հարցեր կան ավելի լավ ա ռեժիմից պոկենք: Սա հաջողվել ա, բայց եթե ինքը չի առաջադրվում, արդեն դառնում ա լրջագույն պրոբլեմ ու դուք կհայտնվեք 2 ֆրոնտի մեջ»:
Ինձ համար ակնհայտ է, որ Զուրաբյանը “ոչ հակառուսական հատված” ասելով դիմել է էվֆեմիզմի, կամ, ինչպես Տեր-Պետրոսյանն է սիրում ասել, նրբասացության: Իրականում, այս դեպքում «այսպես ասեմ էլին», իսկ ընդհանրապես, Կոնգրեսի վերջին 2-3 տարվա գործելակերպը, հուշում են, որ խոսքը լավ էլ պռոռուսական հատվածում պահելու մասին է:
Բայց խոսքն ասվել է, ասվել է «ոչ հակառուսական», ուրեմն պետք է հնարել հակառուսականության վտանգ, հավասարակշռությունը պահելու համար նաեւ հակաարեւմտականության վտանգ եւ ասել, որ դրանք շատ վտանգավոր եւ մերժելի բաներ են: Ու արդեն այս լույսի ներքո, «քաղաքացիական հասարակությունը ոչ հակառուսական հատվածում պահելը» դառնում է ազգանվեր գործ:
Տեսնենք թե ինչ փաստարկային շտեմարան է օգտագործում Տեր Պետրոսյանը: Նա ասում է. «Այսօր որոշ անպատասխանատու մարդիկ փորձում են մի նոր բաժանում մտցնել մեր ազգի մեջ, որը ավելի վտանգավոր է: Դա այն է, որ ուզում են մեր ազգը բաժանել արեւմտամետների եւ ռուսամետների'շփոթելով այս հասկացության քաղաքական, արժեքային եւ գաղափարախոսական բաղադրիչը»:
Լո՞ւրջ: Այդ ո՞վ են այդ անպատասխանատու մարդիկ: Այդ որտե՞ղ են այդ փորձերն արել, որ ես, կարծես հայաստանյան անցուդարձին համակ ուշադրությամբ հետեւող մեկը, չեմ նկատել դրանք: Եթե ինչ-որ շեղում կա մեր ազգի մտածողության մեջ, ապա դա խորհրդային անցյալով պայմանավորված կույր ռուսասիրությունն է եւ նույնով պայմանավորված կույր խոնարհումը արեւմտյան փոփ-մշակույթի, մոդայի ու ապրելակերպի նկատմամբ: Բարեբախտաբար, երկաթյա վարագույրի վերացումից հետո, երկու շեղումներն էլ մարման միտում ունեն:
Լիովին համաձայն եմ հռետորի հետ երբ նա ասում է այլ երկրների գործակալների մասին. «Ես գիտեմ այդ մարդկանց մոտիվացիան, նրանք իբր թե արժեքներից են խոսում, իբր թե քաղաքական կողմնորոշումներից են խոսում, բայց ավելի շատ նկատի ունեն այլ բան' դրանք ավելի շատ գործակալական կողմնորոշումներ են, քան արժեքային կամ քաղաքական:
Նույնը վերաբերում է նաեւ այսպես կոչված ռուսամետություն քարոզողներին, նրանց մոտ էլ արժեքներն ու գաղափարախոսությունը չէ, որ առաջնորդում է, այլ գործակալական մոտիվացիան»:
Բայց տեսեք, պարզվում է առաջին նախադասությունը «արեւմտամետ գործակալների» մասին էր: Ովքե՞ր են դրանք: Կրեմլի եւ անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի գործակալ Գեղամյանի, զառամյալ կոմունիստների ու մի քանի պատանի սրիկաների մասին գիտենք, բա արեւմտամետ գործակալներն ո՞վքեր են: Կարծես թե, որքան էլ կողմնորոշումները վտանգավոր համարենք, եվրաինտեգրմանը, կողմ են եւ գործող իշխանությունները (գոնե առերես), եւ հասարակությունը եւ նուն ՀՀՇ-ն: Հիշեցնեմ, որ անկեղծորեն կողմ էր նաեւ մեր, նախկին, Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը եւ եվրաինտեգրման պրոցեսներին սկիզբ է դրվել հենց մեր օրոք: Հանկարծ ասվածը չընթերցվի այնպես, որ արեւմտամետ գործակալներ եւ հակառուսներ են նրանք, ովքեր մերժում են մաքսային միությունն ու Եվրասիական ուղին: Այդպես արդեն շատերս կկոչվենք հակառուս գործակալներ:
Իմ անհամաձայնությունը պետք է հայտնեմ նաեւ ելույթում Իսրայելի վերաբերյալ բերված օրինակի կապակցությամբ:
Մեջբերեմ. «Դուք տեսնում եք այսօր Իսրայելը, որը բացարձակապես կողմնորոշված է դեպի ԱՄՆ-ն: Եւ ի՞նչ. 50 տարի է՝ գտնվում է պատերազմական վիճակում՝ շրջապատված է թշնամիներով: Ի՞նչ եք ուզում' Հայաստանն էլ այդ վիճակում հայտնվի՞»:
Նախ, անշուշտ, կհամաձայնեք, որ Իսրայելը տնտեսապես զարգացած, ժողովրդավար, բնակչության բարձր կենսամակարդակ ապահովող երկիր է, ունի շատ մարտունակ բանակ, հզոր սպառազինություն եւ, ամենակարեւորը, պայքարի պատրաստ, երկիրը չլքող ժողովուրդ: Այնպես որ, տրված հարցին իմ պատասխանը դրական է'այո՜, կերազեի որ Հայաստանը այդ վիճակում հայտնվեր:
Երեւի պարզ է նաեւ մեջբերածիս ենթատեքստը եւ զուգահեռները Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ: Իսրայելը չի գնում փոխզիջումների թշնամի արաբական երկրների հետ եւ դրա արդյունքում հայտնվել է ԱՄՆ-ից միակողմանի կախվածության մեջ ու 50 տարի պատերազմում է:
Այսինքն գործ ունենք նորից հին բանաձեւի հետ'ցանկացած գնով պետք է գնալ փոխզիջումների եւ հաստատել արժանապատիվ եւ կայուն խաղաղություն:
Լավ, ի՞նչ փոխզիջումների է համաձայն Հզբոլան, որը մերժում է Իսրայել պետության գոյության իրավունքն իսկ: Ինչ փոխզիջումների է պատրաստ Ադրբեջանը, որը ամբողջ Հայաստանն է համարում պատմական ադրբեջանական տարածք: Ով է կասկածում, որ նույնիսկ հրեաների կողմից կրակի դադարեցումը որպես իր հզոր հաղթանակ տոնող Հզբոլան կբզկտի ու կվերացնի հրեական պետությունը առաջին իսկ հնարավորության դեպքում: Ո՞վ է կասկածում, որ քնած հային նենգաբար սպանող սպային հերոսացնող Ադրբեջանը նույնը չի անի: Եկեք, կլինի՞, փոխզիջումներից խոսենք միայն այն ժամանակ, երբ դրանք մեզ կառաջարկեն, կամ մեր առաջարկածը կընդունեն, այլապես խոսք կարող է լինել միայն միակողմանի, կործանարար զիջումների գնալու մասին:
Թերեւս այսքանը: Բայց նյութս ավարտեմ Տեր-Պետրոսյանի հետեւյալ մտքի հետ լիակատար համաձայնությունս հայտնելով: Այդ մասին ես էլ եմ առիթ ունեցել խոսելու մեկ-երկու հարցազրույցներում:
Մեջբերում եմ. «Թյուրիմացություն է, որ այսօր ուզում են փաթաթել մեր ժողովրդի վզին, թե Հայաստանն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր ներքին խնդիրները, անգամ նախագահ ընտրել իր սեփական կամքով, եւ որ իբր թե նախագահ պետք է նշանակվի կա՛մ ԱՄՆ-ից, կա՛մ' ՌԴ-ից»: