Սարհատ Պետրոսյանն ընդդեմ Լևոն Իգիթյանի գործով այսօրվա դատական նիստին հայցվոր կողմի ներկայացուցիչը նոր հայցադիմում ներկայացրեց, սակայն ինչպես վերջինս նշեց, հայցի հիմքում էական փոփոխություններ չեն եղել։ Ըստ նրա՝ հայցադիմումը լրացվել է և զրպարտություն պարունակող արտահայտությունների համար ևս պատասխանողից ներողություն խնդրելու պահանջ է ներկայացվել:
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա նիստում հայցվորի ներկայացուցիչը փորձում էր պատասխանողից լսել Սարհատ Պետրոսյանի մասնագիտական ունակությունների վերաբերյալ Լեւոն Իգիթյանի հնչեցրած հայտարարությունների հիմքերը։ Մասնավորապես՝ հայցվոր կողմին հետաքրքրում էր, թե պատասխանողի ներկայացուցիչն ինչո՞վ կարող է հիմնավորել Լևոն Իգիթյան այն արտահայտությունը, թե Սարհատ Պետրոսյանը ճարտարապետական պրակտիկա չունի, ինչին ի պատասխան՝ Լ.Իգիթյանի ներկայացուցիչը նշեց, որ Լևոն Իգիթյանը տեղյակ է եղել, որ Սարհատ Պետրոսյանը համապետական նշանակություն ունեցող համապատասխան որևիցե նախագծի կառուցմանը չի մասնակցել և ելնելով դրանից՝ արել է այդ արտահայտությունը:
Ըստ պատասխանողի՝ Իգիթյանը նկատի է ունեցել, որ Սարհատ Պետրոսյանը ոչ թե ճարտարապետի պրակտիկա չունի, այլ այնքան փոքր է նրա ճարտարապետական պրակտիկան, որ համապետական նշանակություն ունեցող կառույցների մասին դատողություն անելն անթույլատրելի է:
Պատասխաններն ակնհայտորեն չէին գոհացնում հայցվոր կողմին եւ ցանկալի պատասխաններ ստանալու համար հարցերը հաճախ կրկնվում էին, ինչն ակնհայտորեն առաջացրեց դատարանի դժգոհությունը՝ հայտարարելով, որ հարցերը կրկնվելու դեպքում կհանվեն։ Դատարանի այս նկատողության հետ հայցվորը չհամաձայնեց, իսկ դատարանն էլ իրազեկեց հայցվորին իր իրավունքների մասին եւ որ համաձայն չլինելու դեպքում կարող է առարկել դատարանի գործողությունների դեմ։
Ի դեպ, դատական նիստից այդպես էլ պարզ չդարձավ, թե Լեւոն Իգիթյանի ներկայացուցչի պատասխաններն ինչու չէին գոհացնում հայցվորի ներկայացուցչին, քանի որ վերջինս, ներկայացնելով Սարհատ Պետրոսյանի մասնագիտական փորձառությունը, ըստ էության, հաստատեց Իգիթյանի ներկայացուցչի հայտարարությունը։ Մասնավորեցնենք՝ հայցվորի ներկայացուցիչը, հրապարակելով Սարհատ Պետրոսյանի կողմից կատարված աշխատանքների ցանկը, թվարկեց հիմնականում քանդման, վերանորոգման և առանձնատան կառուցման աշխատանքները, որոնք հիշատակել էր նաեւ պատասխանող կողմը:
Հայցի ծավալի փոփոխությունների վերաբերյալ պատասխանողի ներկայացուցիչն իր դիտարկումները ներկայացնելու համար ժամանակ խնդրեց, եւ դատարանը նիստն ընդմիջեւ մինչեւ հունիսի 17-ը։