ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուղերձ է հղել Ընտանիքի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

 

«Սիրելի հայրենակիցներ,

 

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ:

 

Մենք մշտապես բարձր ենք գնահատել ընտանեկան արժեքներն ու ավանդույթները, ընտանեկան փոխհարաբերություններն ու ընտանեկան դաստիարակությունը: Ընտանիքի օրը պետական տոնացույցում օրենսդրորեն ամրագրել է այն հաստատուն հիշողությունն ու առանձնահատուկ վերաբերմունքը, որը մեզանում կա ընտանեկան օջախի նկատմամբ: Այն նշանակում է հարգանք բազում չգրված բարոյական օրենքների հանդեպ, որոնց շնորհիվ դարեր շարունակ հայ ընտանիքը եղել եւ մնում է ջերմ ու մտերմիկ միջավայր, հյուրընկալ տուն եւ մեծ աշխարհի հարազատ անկյուն: Եւ բնական է, որ մեր հոգեկերտվածքի եւ արժեհամակարգի բազում տարրեր ծնունդ են առնում հենց ընտանիքից:

 

Ընտանիքի հանդեպ սերը, հավատարմությունն ու նվիրումը ընտանեկան արժեքներին համարժեք են այն զգացմունքներին, որ տածում ենք հայրենիքի հանդեպ: Ինչպես մեր պատմությունն է ցույց տվել, մենք հավասարաչափ պայքարել ենք եւ ընտանիքի, եւ հայրենիքի համար՝ երկուսն էլ համարելով սրբություն, երկուսն էլ՝ անձեռնմխելի ու անսակարկելի արժեք:

 

Այս ջերմ ու համամարդկային տոնի առիթով առանձնահատուկ մաղթանքներ եմ ուզում հղել բազմանդամ ընտանիքներին: Խորին երախտագիտությունս եմ ուզում հայտնել այն ընտանիքներին, որոնք երեխա են որդեգրել՝ նրանց համար ստեղծելով հոգատար միջավայր: Շնորհակալություն եմ հայտնում երիտասարդ ու նորակազմ ընտանիքներին, ովքեր ապահովում են ազգի ու երկրի հուսալի հեռանկարը:

 

Բոլոր ընտանիքներին, ծնողներին ու զավակներին ցանկանում եմ ընտանեկան ջերմություն եւ անդորր, խաղաղություն եւ բարեկեցություն»: