Հայաստանի կառավարությունը Տավուշի մարզպետ նշանակեց Հովիկ Աբովյանին: ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Աբովյանին նշանակման կապակցությամբ և մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք: Աբովյանը մինչ այս զբաղեցնում էր Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետի պաշտոնը:
Հովիկ Աբովյանը ծնվել է 1964 թ. հունիսի 1-ին Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում: 1991 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղը: Ավտոճանապարհաշինարարական մեքենաների և սարքավորումների ճարտարագետ-մեխանիկ: Պարգևատրվել է Ֆրիդրիխ Նյունսենի անվան մեդալով և պատվոգրով (1998 թ.):
1985 թ. աշխատել է Նոյեմբերյանի ավտոտնտեսությունում շինարարության բանվոր,
1991-1993 թթ. եղել է Նոյեմբերյանի «Մարինա» կոոպերատիվի նախագահ,
1993-1994 թթ. ՀՀ Նոյեմբերյանի պետական հարկային տեսչությունում' տեսուչ,
1994-1995 թթ.' ՀՀ մաքսային վարչության ԳՏՄ Բագրատաշենի մաքսային տեսուչ,
1995-1996 թթ.' մաքսապետի տեղակալ,
1996-1998 թթ.' մաքսապետ, 1998-2000 թթ.' ՀՀ պետեկամուտների նախարարության ՇՏՄ Բավրայի,
2000-2001 թթ.' Բագրատաշենի, այնուհետև Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետերի պետ:
2002 թ. մայիսի 25-ին' ԱԺ պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 56 ընտրատարածքից:
ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ: Ամուսնացած է, ունի երկու երեխա: