ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան այցի շրջանակներում հայության համար կարևոր հարցերի վերաբերյալ կատարած շեշտադրումները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Կիրո Մանոյանը: «Ֆրանսիայի նախագահ ի այցեությունը տարածաշրջան և, հատկապես, Հայաստան, կարևոր իրադարձություն էր' հաշիվ առնելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադրաձությունները:

 

Ճիշտ է, որ նախագահի այցը նախատեսված էր այդ իրադարձություններից առաջ և պետք չէ կապել դրանց հետ, բայց այդ իրադրաձությունների ֆոնին կարևոր էր նրա այցը: Տարածաշրջանը, որը համարվում է գոնե Ռուսաստանի տեսանկյունից իբրև իր ազդեցության տարածաշրջանան, եկավ Արևմտյան երկրից բարձրաստիճան ղեկավար, և անդրադարձավ նաև հարցերի, որոնց մեջ Ռուսաստանը դերակատար է: Նախագահ Օլանդը ճիշտ շեշտադրումներ կատարեց հայության հ ամար առաջնային խնդիրների վերաբերյալ: Կարևոր էր նրա հայտարարությունը, որ Հայաստան-Ֆրանսիա տնտեսական կապերը չեն համապատասխանում այն սերտ հարաբերություններին, որ կան երկու պետությունների ու ժողովուրդների միջև ու դրանք պետք է զարգացել»,-ասաց Կիրո Մանոյանը:

 

Բանախոսը կարևորեց նաև Օլանդի այն հայտարարությունները, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցրերին: «Օլանդը կարևորությամբ շեշտեց նաև այլ խնդիրների մասին Ֆրանսիայի տեսակետը: Ըստ Ֆրանսիայի' Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 23-ին Էրդողանի հայտարարությունը դրական համարելով հանդերձ' նա ասաց, որ դա բավարար չի: Արցախի հարցով կարևոր էր այն հայտարարությունը, որ Ֆրանսիան խնդիր չի տեսնում կամարտահայտության մասով' չնայած նա «հանրաքվե» ասաց»,-նշեց Կիրո Մանոյանը:

 

Անդրադառնալով հարևան Վրաստան և Ադրբեջան Օլանդի կատարած այցերին' Կիրո Մանոյանը նշեց, որ մյուս երկրների այցելության համեմատ Հայաստան գալը հին բարեկամի մոտ այցելություն էր: «Ադրբեջան իր այցելության ժամանակ հստակ էր, որ նախագահ Օլանդը կարևորում է Ադրբեջանի տնտեսական դերակատարությունը Ֆրանսիայի համար: Այնտեղ նա անհանգստացավ, երբ հարցեր տվեցին Ադրբեջանի ներքին ժողովրդավարական խնդիրների մասին: Վրաստանում կարևորեց այդ երկրի քաղաքական ուղղվածության հարցը, բայց խորհորդ տալով, որ շատ չշտապեն թե ԵՄ-ին, և թե ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարաբերություններում: Կարծում եմ' տարածաշրջան այցելության մեջ ամենահարազատը Հայաստանում էր' չնայած Ադրբեջանում նախագահ Օլանդը նշեց, որ Ֆրանսիան իր առջև խնդիր չի դրել տարածաշրջանից երկրներ ընտրելու մեջ' կարևորելով երեք երկրների հետ հարաբերությունները»,-նշեց ՀՅԴ-ական գործիչը:

 

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերությունների ակնկալվող զարգացումներին' Կիրո Մանոյանը կարևորեց այն հայտարարությունը, որ 2015-ի ապրիլի 24-ին Օլանդը լինելու է Երևանում: «Տնտեսական հարաբերությունների զարգացման համար եմ հեռանկարներ տեսնում, կարծում եմ' ավելի շատ ներդրումներ կարվեն: ԵՄ-ի հետ հարաբերությունների խնդիրն է ամենակարևորը, կարծում եմ, նախագահ Օլանդը կարծես հանձնառու եղավ, որ ինքը Հայաստան-ԵՄ ասոցացման ինչ-որ պայմանագրի կամ համաձայնագրի ձև կգտնի, որը դրական կլինի Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար: Հայաստանի դիրքորոշումը լիովին համապատասխանում է դրան: Մնում է, որ Եվրամիությունն իր կեցվածքը սրբագրի ու չասի, որ եթե տնտեսական հարաբերությունները որոշել եք Մաքսային միության հետ անել, ուրեմն չեք կարող խորացնել մեզ հետ հարաբերությունները քաղաքական առումով: Կարծում եմ' ավելի շատ Եվրոպան անելիք ունի, քան Հայաստանը»,-ասաց Կիրո Մանոյանը:

 

Նրա կարծիքով' Հայաստանի իշխանությունների ձախողումն այցի շրջանակներում այն էր, որ այցելության ոչ մի միջոցառմանը ընդդիմությունից մարդ հրավիրված չէր, ի հակառակ նրա, որ Օլանդի պատվիրակությունում ներգրավված էին թե ֆրանսիահայ գործիչներ, թե ֆրանսիական տարբեր քաղաքական հատվածներից անձիք:

 

Մայիսի 12-ին երկօրյա պետական այցով Հայաստան ժամանեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը: Նրա այցը մեկնարկեց հայ-ֆրանսիական գործարար համաժողովով: Նրա ղեկավարած պատվիրակության կազմում էին ֆրանսահայ քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, ավանի հայ երգիչ Շառլ Ազնավուրը, ով երևանյան հանդիսատեսին ներկայացավ համերգով: