Դեպի Ծիծեռնակաբերդ հանրության երթն սկսվել է վաղ առավոտից, այստեղ են ինչպես տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, հայ համայնքների ներկայացուցիչներ աշխարհի մի շարք երկրներից: Կարպիս Մկրտչյանը Հայաստան է եկել Ֆրանսիայից:


«Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում նա խոստովանեց, որ բազմիցս այցելել է Հայաստան, սակայն միշտ երազել է ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցել ոչ թե Փարիզի հուշարձանի մոտ, այլ Ծիծեռնակաբերդում:

 

«Այսօր կարողացա այս երազանքս իրականացնել, ինձ հետ են ֆրանսահայ համայքնի ևս 15 ներկայացուցիչներ, ովքեր առաջին անգամ են ցեղասպանության զոհերի հիշատակը հարգում ապրիլի 24-ին Երևանում»,- ասաց Մկրտչյանը:

 

Ֆրանսահայերը յուրաքանչյուր տարի շատ լուրջ են նախապատրաստվում ցեղասպանության օրվա միջոցառումների անցկացմանը: Այս տարի էլ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում հիշատակի միջոցառումներ են անցկացվելու, մատուցվելու է հոգեհանգստյան պատարագ:

 

«Ֆրանսահեյրի համար շատ կարևոր է, որ այս տարվա փարիզյան միջոցառմանը մասնակցելու է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, սա ոգևորիչ է, սակայն ֆրանսահայերը լիարժեք բավարարված կլինեն, երբ Օլանդի նախաձեռնությամբ Ֆրանսիայում ընդունվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը»,- ընդգծեց Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչը:

 

Համայնքի մեծ այլ ներկայացուցիչ' Սուրեն Նիկողոսյանը նշեց, որ համայնքն ուշադրությամբ հետևելու է մայիսի կեսերին Օլանդի Հայաստան կատարելիք պետական այցի մանրամասներին և մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը ակտիվ միջոցառումների և հանդիպումների շարք է սկսելու ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

 

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են տեղի ունենում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ և ուղերձ հղվում միջազգային հանրությանը' ճանաչել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը' դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:

 

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատությանը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում' Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադ այի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: