Հայ դատի հանձնախումբն արդեն ակտիվ միջոցառումներ է ձեռնարկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ քաղաքական տրամադրություններ ստեղծելու ուղղությամբ, որի վկայությունն են Թուրքիայի կողմից արվող հակադարձ քայլերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

 

Նրա կարծիքով' 2015 թ. Ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր նվաճումը պետք է լինի ոչ միայն դրա փաստացի ճանաչման, այլև Ցեղասպանության հետևանքների հատուցման և մեր պահանջատիրության հարցում համահայկական համախմբվածության ձևավորումը:
Անդրադառնալով ապրիլի 24-ին Ստամբուլում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին' Կիրո Մանոյանը նշեց, որ հաջորդ տարի Թուրքիայում հիշատակի արարողությունների իրականացումը հատուկ նշանակություն կունենա: «Կարևոր է, որ ճիշտ պատգամ փոխանցեն Թուրքիայի հասարակությանը, որը պետք է ոչ միայն իմանա տեղի ունեցածի, այլև հայության ակնկալիքների և պահանջների մասին»,-ասաց նա:

 

Ամբողջ աշխարհում Հայ դատի հանձնախմբերի պահանջը լինելու է հստակ' հիմնված այս տարվա սեպտեմբերին մասնագետների խմբի հրապարակած պահանջատիրության լրամշակված նախագծի վրա, ուր ամրագրված են հինգ կարևոր պահանջներ: Առաջինը' ցեղասպանության հանցագործության անմիջական մեղավորների պատժում (որպես մարդկության դեմ գործած նման հանցագործությունների ընդհանրական մոտեցում), երկրորդը'Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչում, երրորդը' հատուցում ինչպես հայությանը, այնպես էլ Հայաստանին, ինչպես նաև Թուրքիայում օրենսդրական փոփոխություն ների անցկացում' ուղղված այդ երկրում բնակվող այլ ազգերի ներկայացուցիչների իրավունքների երաշխավորմանը, և վերաջապես հավաքական վնասի հատուցում: