Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն ակնկալիքներ ունի, որ Ֆրանսիայում հոկտեմբերի վերջին նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը երկու երկրների ղեկավարները, քննարկելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, քայլ առաջ կանեն դեպի խաղաղ բանակցություններն ու հակամարտության կարգավորումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռայներ Մորելը շեշտում է, որ այս իրավիճակում շատ կարեւոր է երկխոսության շարունակումը, քանի որ երկխոսությունը պետք է բացառի կրակոցները:

 

«Նույնիսկ եթե նախագահների հանդիպման արդյունքում չլինի որեւէ առարկայական փաստաթուղթ, մենք գոհ կլինենք, որ նրանք խոսեն, քննարկեն, քանի որ երկխոսելը, բանակցելը շատ կարեւոր են: Մենք հավատացած ենք, որ երկխոսության պարագայում պետք է բացառվեն կրակոցները»,- ասաց Ռայներ Մորելը:

 

Դեսպանի գնահատմամբ, ԼՂ հակամարտության կարգավորումը խիստ բարդ եւ խճճված հարց է եւ որեւէ մեկը չի ակնկալում խնդրի արագ լուծում: «ԵԱՀԿ Մինսկի խումբն այս առումով բավական լավ աշխատանք է կատարում: Հնարավոր է, որ մարդիկ կասեն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչինչ չի անում եւ 20 տարվա ընթացքում խնդրին լուծում չի տրվել, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ այդ քսան տարվա աշխատանքի արդյունքն այն է, որ իրավիճակն ավելի չի վատթարացել: Կարծում եմ' ԼՂ հակամարտության կարգավորման հարցը չպետք է դուրս գա այս ձեւաչափից եւ պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,- ասաց Ռայներ Մորելը:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել' խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ' 2007 թ. նոյեմբերին ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

 

Ադրբեջանը մինչ այսօր շարունակում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը' կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: