Լուկաշենկոն հույս ունի «բարի երկխոսություն» սկսել Եվրամիության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում ընդունելով Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Մարիա Շմիդին:
«Հուսով եմ, որ սա Եվրամիության հետ մեր բարի երկխոսության սկիզբն է, թեև մենք վերջին ժամանակներս քիչ չենք խոսում ԵՄ-ի և Բելառուսի հարաբերությունների մասին: Կարծում եմ, որ դա հարկավոր է, դա ճիշտ ուղղությամբ կատարվող շարժում է: Համենայն դեպս, Բելառուսի և Եվրամիության միջև հարաբերություններն այսօր այնքան էլ մշուշոտ չեն, ինչպես առաջ»,-ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ իր երկիրը կարևոր դեր ունի տարածաշրջանում ստեղծված իրադրությունը կարգավորելու հարցում, ինչը կապված է Ուկրաինայի արևելքի ռազմական հակամարտության հետ:
Մինչդեռ, ինչպես նշում է BBC-ն, Բելառուսի ընդդիմության առաջնորդները կոչ են անում ԵՄ-ին՝ չշտապել բարելավելու հարաբերությունները պաշտոնական Մինսկի հետ, նախքան նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները, հիշեցնելով, որ նախկինում էլ ընտրարշավների նախօրեին իշխանությունները «հաճոյախոսում էին Եվրոպային» ընտրությունների արդյունքները օրինականացնելու ակնկալիքով: