Հայաստանի ինքնիշխանության և պետականության զարգացման հետագա գրավականը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ու խորացումն է, ինչը, սակայն թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ ունի։
Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:
«Այդ մարտահրավերներից մեկն, իհարկե, Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քաղաքականությունն է, որն արտահայտվում է հռետորաբանությամբ, սահմանային սադրանքներով, Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայով, սպառազինությունների տասնյակ միլիոնների հասնող ձեռքբերումներով և այլն»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այդ ագրեսիվ քաղաքականության անբաժանելի մաս են նաև Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանի բանակի բարեփոխումների, պաշտպանական նոր կառույցների ձևավորման, զինամթերքի ձեռքբերումների մասին։
«Այսինքն՝ Ադրբեջանի կանխավարկածը ո՞րն է, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական երկիրը պաշտպանելու բանակ պետք է չունենա՞։
Ասել եմ և նորից ուզում եմ ընդգծել՝ մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, մյուս կողմից՝ մենք էլ ենք կարծում, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք սադրելը լավ տեղ չի կարող տանել, բայց իրականությունն այն է, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել։ Իսկ եթե Ադրբեջանն այդպես չի մտածում, մենք այս դեպքի համար էլ առաջարկ ունենք և ասել ենք այդ առաջարկի մասին՝ ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, իրականացնել զորքերի հայելային հետքաշում սահմանային գծից, ինչն, ի դեպ, կլուծի և՛ Ադրբեջանի բարձրաձայնած չորս գյուղերի, և՛ մեր 31 գյուղերի հարցերը։ Առաջարկել ենք իրականացնել սահմանային հատվածների ապառազմականացում և ամբողջ սահմանի պահպանությունը հանձնել սահմանապահ զորքերին՝ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները հետ տանելով դեպի մշտական տեղակայման վայրեր։ Սա նաև զորքերի հայելային հետքաշման հայեցակարգի պարագայում կարող է իրագործվել»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի այս բոլոր առաջարկություններն անարձագանք են մնում Ադրբեջանի կողմից։
«Հույս ունենք դրական արձագանք ստանալ խաղաղության պայմանագրի 8-րդ խմբագրմանը, որն Ադրբեջանին է փոխանցվել մարտի 14-ին»,- եզրափակեց Փաշինյանը։