ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները. Հայաստանը պատրաստ է ստորագրել այդ բովանդակության պայմանագիրը: Վարչապետն այս մասին հայտարարեց ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ:
«Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակության պայմանագիրը: Հույս ունեմ, Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված իր առաջարկները, սակայն մինչև օրս Հայաստանը պատասխան չի ստանցել:
«Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման: Հայաստանի Հանրապետությունը դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել: Ասեմ, որ այդ առաջարկները ներառում են Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան, և նրա զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից»,- ընդգծեց Փաշինյանը: