Հայաստանն աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի ուղղությամբ, վերջերս ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները, ներկայում աշխատանքներ են տարվում այդ առաջարկների վրա, այս մասին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Խանդանյանը հիշեցրեց, որ հայկական և ադրբեջանական կողմերը խաղաղության պայմանագրի տեքստի առաջարկներ են ներկայացրել իրար: Վերջերս Ադրբեջանն է Հայաստանին ներկայացրել իր առաջարկները: «Հայաստանն աշխատում է այդ առաջարկների վրա: Երբ պատրաստ կլինեն մեր առաջարկները, դրանք կուղարկվեն Ադրբեջանին»,-ասաց Խանդանյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի՝ Հայաստան այցին՝ նա ասաց, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ռուսաստանցի համանախագահի հետ քննարկել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման, անվտանգության ապահովման, Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր օրակարգային հարցերը: Սա համանախագահի հերթական այցն էր Հայաստան, ըստ նրա՝ արդյունքները պետք է ավելի մեծ պատկերի մեջ տեսնել: