Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ն աշխատում է, որպեսզի կողմերը հետևողական լինեն խնդրի կարգավորմանն ուղղված սկզբունքների հարցում. դրանք են Լիսաբոնի ու Մադրիդյան սկզբունքերը, ՄԱԿ-ի բանաձևերը և համապատասխան այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են այլ միջազգային կազմակերպությունների կողմից: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը:
Նա հավաստիացրել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ իրենք ջանում են ակտիվացնել Մինսկի խմբի գործընթացը և փորձում են գտնել հակամարտության կարգավորման ճանապարհը:
«Մեր նպատակը լուրջ արդյունքերի գրանցումն է: Քանի որ Ուկրաինայում տեղի ուեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք պետք է լարված աշխատանք տանենք և արագ ժամկետներում հասնենք որոշակի արդյունքների»,- ընդգծել է Կրիվոկապիչը: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը նաև հայտնել է, որ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի մի շարք պատգամավորների հետ, որոնց էլ հայտնել է խնդրի նկատմամբ ԵԱՀԿ որդեգրած սկզբունքային դիրքորոշումը: