Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի շրջանում բնական հրդեհը 4 հազար հեկտար տարածք է ընդգրկել, տեղեկացնում է Los Angeles Times թերթը:
Հրատարակության տվյալներով՝ ավելի քան 40 հազար մարդ՝ Կարլսբադ եւ Սան Մարկոս քաղաքի բնակիչներ, ինչպես նաեւ Քեմպ Պենդլտոնի ռազմակայանի անձնակազմը, տարհանված է: Շրջանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված:
Շրջանի ոստիկանության աշխատակիցները հետաքննում են Սան Դիեգոյի արվարձաններում ինը բռնկումների պատճառները, վարկածների թվում է կանխամտածված հրկիզումը: Հրդեհաշիջման դեպարտամենտի տվյալներով՝ կրակը Կարլսբադում ոչնչացրել է ութ բնակելի տուն եւ երկու տասնյակ շինություններ:
Կրակի դեմ պայքարում է 1,8 հազար մասնագետ, գործի է դրված քաղաքացիական ու ռազմական օդուժ, այդ թվում՝ 22 ինքնաթիռ:
Իրադրությունը բարդացնում է շոգ եղանակը, ցերեկային ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը, փչում է Սանտա-Անա տաք քամին: Մասնագետները ենթադրում են, որ հրդեհները մարելու համար կպահանջվի առնվազն երեք օր, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: