Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեցին 76, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

 

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ խմբակցությունում հարցի վերաբերյալ տարբեր տեսակետներ կան, ուստի խմբակցությունն ազատ է լինելու քվեարկության մեջ:

 

Նախագծով սահմանվում է, որ կրթությունը Հայաստանից դուրս շարունակել ցանկացող արական սեռի քաղաքացիները զինծառայությունից տարկետման իրավունք կստանան միայն կառավարության համապատասխան անհատական որոշման դեպքում: Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կրթությունն արտերկրում շարունակել ցանկացողների մեծ մասը հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ են, որոնց մեծ մասը ցանկանում է կրթությունը այլ երկրում շարունակել զինծառայությունից խուսափելու համար:

 

Նա ընդգծել է, որ ցանկանում են հստակ մեխանիզմներ սահմանել, որպեսզի դրսում կրթություն ստանալու ցանկությունը պայմանավորված լինի միայն լիարժեք գիտելիք ստանալու ցանկությամբ, այլ ոչ թե բանակից խուսափելու մտադրությամբ: Առաջարկվող նախագծով մեխանիզմներ են ստեղծվում, որ կրթությունն արտերկրում շարունակող ՀՀ քաղաքացիները ուսման ավարտից հետո վերադառնան հայրենիք, քանի որ շատ քաղաքացիներ էլ, արտերկրում ուսման ավարտից հետո չեն վերադառնում Հայաստան: Նախարարն ընդգծեց, որ արտերկրում կրթությունը շա րունակելու իրավունք ստացած քաղաքացիները ՀՀ կառավարության հետ կկնքեն 8.5 միլիոն դրամի չափով գրավի պայմանագիր, ինչը երաշխիք կլինի, որ նրանք հետագայում վերադառնան հայրենիք և իրենց գիտելիքներն օգտագործեն երկրի զարգացման և բարգավաճման գործում:

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ձեւավորել համապատասխան օրենսդրական հիմքեր օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով' ակնկալելով, որ օտարերկրյա բուհում սովորելը ուղղված կլինի անձի՝ միայն կրթական կարիքները բավարարելուն: Միաժամանակ, զորակոչիկների սահմանափակ ռեսուրսների առկայության պայ մաններում նախագծի ընդունումը որոշ չափով կնպաստի զորակոչի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը: