ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հիվանդություններով տառապող ազատազրկվածներին տեսակցող անձանց համար Քրեակատարողական հիմնարկներում վարակվելու հնարավորությունը բացառող պայմաններ ստեղծելուն միտված օրենքի նախագիծը:
Նախագիծն ընդունվեց միաձայն:
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
«Մեր գործընկեր փաստաբաններն, ովքեր անընդհատ շփվում են ձերբակալված և կալանավորված անձանց հետ, և քրեակատարողական հիմնարկներում հանդիպումներ են ունենում, բողոքում են առ այն, որ նրանց համար հատուկ պայմաններ չեն սահմանվում հիվանդությամբ տառապող անձանց տեսակցելիս: Դա առաջացնում է լուրջ հետևանքներ և հնարավորություն, որ տեսակցող անձինք նաև կարող են առանձին հիվանդություններով վարակվել: Օրենսդրական նախաձեռնությունը հատուկ պահանջ է դնում պատկան մարմինների առջև, որ հատուկ պայմաններ սահմանվեն, որոնք կբացառեն հնարավոր վարակումները»,- նախագծի քննարկման ժամանակ նշել է խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը: