Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրենսդրական նախաձեռնությունը:

Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 92 պատգամավոր:

 

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա ԶոհրաբյանըՆա հայտնեց, որ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումից հետո իրենք ներկայացրել էին առաջարկներ, որոնք հեղինակների կողմից ընդունվել են, ուստի երկրորդ ընթերցմամբ կողմ են քվեարկելու:

Քրեական օրենսգրքում ավելանում է դրույթ, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: