Դեր Զորի ալ Ռուշդիե թաղամասում գտնվող հայկական Սրբոց Նահատակաց համալիրը հայտնվել է սիրիական բանակի և ընդդիմադիրների ռազմաճակատում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց սիրիահայ Նազարեթ Էլմաջյանը՝ ավելացնելով, որ եկեղեցին մեծ վնասներ է կրել: Նրա խոսքով' այնտեղ թեժ մարտեր են ընթանում «Ջաբհա ան Նուսրա» և «ԴԱԻՇ» իսլամիստական խմբավորումների միջև, և ոչ ոք չի կարողանում մոտենալ տարածքին: Եկեղեցին մեկ տարի առաջ լավ պահպանված էր: «Մարդակայի մատուռի ճակատագիրը դեռ անհայտ է»,- նշեց նա: Մատուռը գտնվում է Դեր Զորի մերձակայքում՝ բլուրի վրա, որտեղ հազարավոր հայ զոհերի աճյուններ կան:

 

Սրբոց Նահատակաց եկեղեցին կառուցվել է Դեր Զորի նախկին Ս. Հռիփսիմե եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Հիմնադրվել է 1985-ին մայիս 12-ին, Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի նախաձեռնությամբ: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1990 թ. նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց եկեղեցու ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության եւ Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփվում են նաեւ Դեր Զորի անապատներում Մեծ եղեռնի զոհերի մասունքները:

 

Դեր Զորում, մինչ ռազմական գործողությունները բնակվում էր հայ շուրջ 20 ընտանիք: