Պոլսո Հայոց պատրիարքարանի նախաձեռնությամբ Մանիսա նահանգի Սոմայի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բոլոր զոհվածների, վիրավորների և դեռ փլատակների տակ մնացած անձանց համար Ստամբուլի հայկական եկեղեցիներում մայիսի 18-ին հատուկ պատարագ կմատուցվի: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերա կանը:

 

Պոլսո Հայոց պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սոմայի աղետի առաջացրած ցավերն ու դառնությունները բոլորին սգի մեջ են թաղել և խորապես հուզել են: «Մենք հավատում ենք, որ ցավերը կիսելով կթեթևանան, մեր հանքափոր եղբայրների ու նրանց ընտանիքների ցավը մեր սրտում ենք զգում: Կյանքը կորցրած մեր հանքափոր եղբայրներին Բարձրյալից խաղաղություն ենք խնդրում, վշտակից ընտանիքներին և մերձավորներին Պատրիարքարանի, Հոգևոր խորհրդի և ողջ համայնքի անունից ցավակցում ենք և շուտ ապաքինում ցանկանում: Ի սրտե աղոթում ենք, որ դեռևս փլատակների տ ակ գտնվող մեր եղբայրները անհապաղ ողջ-առողջ վերադառնան իրենց ընտանիքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի հանքերից մեկում մայիսի 13–ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 284-ի: Շուրջ 100 հանքափոր շարունակում են մնալ փլուզված հանքահորում: Նրանց հայտնաբերելու և այդտեղից դուս բերելու համար թուրք փրկարարները շարունակում են աշխատանքը: Տեղի ունեցած ողբերգության հետևանքով Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարված: